Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան հրապարակումը.
««Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի նախագիծն ի վերջո հասավ ԱԺ լիագումար նիստ։ Թվում էր, թե անցնող ամիսների ընթացքում կառավարությունը բավարար ժամանակ և նույնքան շրջահայացություն պիտի ունեար՝ կշռադատելու իր գործողությունները, հիմնավորելու և փաստարկելու, թե կառավարության նոր կառուցվածքը, ուր չկան Մշակույթի, Սփյուռքի և Գյուղատնտեսության նախարարությունները, ի՞նչ գին ունի և ո՞րն է ակնկալվող արդյունքը։ Բայց՝ ՈՉ։
Հետևում են նիստն ու դարձյալ համոզվում, որ օպտիմալացում պյուռոսյան հիմնավորումից անդին չեն անցնում կառավարության և քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների կցկտուր մեկնաբանությունները։
Եվ ամենակարևորը՝ ԱԺ բարձր ամբիոնից իբրև քաղաքական այս լրջագույն քայլի հիմնավորում նշվում է ԻՆՏՈՒԻՑԻԱՆ։ Այո, այո՝ ինտուիցիայով է հիմնավորվում մեր պետության և ժողովրդի կյանքում անկյունաքարային կամ ճակատագրական նշանակության որոշումների կայացումը։
Բայց միթե մենք անկախության, սուվերենության, ի վերջո պետականության համար այսքան թանկ գին ենք վճարել, որ արկածախնդրական կամ սուբյեկտիվ զգացական մոտեցումներով վերաբերվեն երկրի հեռանկարին։
Արդյոք մարտահրավերների այն փոխշաղկապված իրավիճակը, որ դիմագրավում ենք ազգովին, թույլ է տալիս էքսպերիմենտներ անել ազգի ու պետության հետ, այն էլ կադրային այս կաղ ու անտեղյակ բանակով։
Այո, վատ է, շատ վատ, և այսպիսի եզրակացության համար հիմք է հանդիսանում այն փաստը, որ ոչ անցնող ամիսների ընթացքում, ոչ այսօր պատասխաններ չտրվեցին՝ թե կառավարությունը ի՞նչ անհաղթահարելի խնդիրներ է լուծում այս նախագծով, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում այն մի քանի տասնյակ հազար կրճատվող ու փողոցում հայտնված ՀՀ քաղաքացիներին, երկրի ո՞ր առանձնահատկություններն են թույլ տվել կամ ինստիտուտների զարգացման ի՞նչ մակարդակն է հիմնավորում այս քայլը, ո՞րն է այսպիսի քաղաքական որոշման ալգոռիթմը, ակնկալվող արդյունքը։
Ի վերջո՝ որպես ազգգ ու պետություն ու՞ր ենք գնում։
Պատասխաններ չկան և չեն կարող լինել, որովհետև որևէ փորձագիտական հիմնավորում և վերլուծություն չի կատարվել, պարզապես որևէ բովանդակային քննարկում չեք կազմակերպել։ Եվ խուլ եք այլոց կարծիքին։
Իհարկե՝ ալգոռիթմ կա և այն տեղավորվում է՝ մենք շատ ենք՝ ուրեմն ճիշտ ենք փիլիսոփայության մեջ։ Փիլիսոփայություն, որ վերջերս տապալվեց՝ իր հետ տանելով իր հերոսներին։
Բա՞ միթե ոչ վաղ անցյալը ձեզ դաս չեղավ, ու՞ր մնացին մասնակցային պետության վերաբերյալ ձեր հայտարարությունները, քաղաքական երկխոսության կամքը, հանրային համերաշխության գիտակցության քաղաքական հասունությունը, փափագելի ժողովրդավարությունը, խորհրդարանական վերահսկողության ինստիտուտը․․․
ՄՇԱԿՈՒԹ, ՍՓՅՈՒՌՔ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ստորադասվող, չգիտակցվող, չընկալվող, թերագնահատվող ոլորտներ, որոնց ահռելի, ռազմավարական դերակատարություն է վերապահված մեր պետականության մեջ։ /Դաշնակցության վերջին մի քանի հայտարարություններում կգտնեք փաստարկված հիմնավորումներ, չկրկնվեմ/։
Քաղաքական այս վարքագիծով կառավարությունն ընտրում է անդառնալի կորուստների ճամփան։ Քանդելը հեշտ է, իսկ կառուցելը շատերին տրված չէ։
Իսկ հատուցելու ենք ԲՈԼՈՐՍ, նախ՝ պետականությունը»։
4. 17. 2019