Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման նպաստող անձանց ցուցակում ևս մեկ անուն է ավելացել։
Ռուսաստանում բնակվող և հայկական արմատներով Անդրեյ Անդրեևը (իսկական անունը` Անդրեյ Վագների Օհանջանյանց)`Badoo կայքի հիմնադիրը, ընկերության եկամուտների մի մասը կտրամադրի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը։ Անդրեևն այդ մասին գրել է Instagram–ում։
«Աստվածամոր տաճարի սարսափելի ողբերգությունից հետո ես զգալի նվիրատվություն եմ հատկացնում կառույցի վերականգնման համար։ Խոստանում եմ փոխանցել եկամուտների 100 տոկոսը, որը Badoo–ն կստանա ապրիլին Ֆրանսիայի 22 միլիոն օգտատերերից։ Իմ սիրտը Ֆրանսիայի ժողովրդի հետ է», – գրել է նա։
View this post on Instagram
Անդրեևը ողբերգության մասին իմացել է սոցիալական ցանցերից։ Forbes–ը հայտնում է, որ նա լուրն իմանալուց հետո շոկի մեջ է ընկել։
Անդրեևի խոսքով` Ֆրանսիան հիանալի երկիր է, և ինքը Badoo–ի թիմի հետ որոշել է, որ չի կարող անտարբեր մնալ։
«Ես, ինչպես և ամբողջ աշխարհը, չէի կարող նույնիսկ պատկերացնել, որ տաճարի հետ կարող է ինչ–որ բան պատահել։ Դա Ֆրանսիայի անքակտելի խորհրդանիշն է, որն անցել է պատերազմների ու հեղափոխությունների միջոցով։ Եվ միշտ գտնվել են մարդիկ, որոնք օգնել են վերականգնել տաճարը ցանկացած աղետից հետո», – ասել է Անդրեևը։
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը՝ լուսանկարներում. ֆոտոշարք
Գործարարը չի պարզաբանել, թե կոնկրետ որքան գումար կհատկացնի տաճարի վերականգնման համար։
Sputnik Արմենիան ավելի վաղ տեղեկացրել էր, որ ապրիլի 15-ին, Փարիզի ժամանակով 18.30 Աստվածամոր տաճարում միացել է հրդեհի ազդանշանային համակարգը։ Տաճարում գտնվող մարդիկ տարհանվել են։ Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել ու փլուզվել են տաճարի աշտարակը և տանիքը: