Հուզիչ հանդիպում. 19-ամյա աղջիկը հանդիպեց իր կյանքը փրկած դոնորի հետ
Advertisement 1000 x 90

Հուզիչ հանդիպում. 19-ամյա աղջիկը հանդիպեց իր կյանքը փրկած դոնորի հետ

Քոնեկտիկուտցի (ԱՄՆ) Մեդիսոն Ռիկին ընդամենը 12 տարեկան էր, երբ նրա մոտ համակարգային կարմիր գայլախտ հայտնաբերեցին՝ վտանգավոր աուտոիմունային հիվանդություն, որի ժամանակ իմունիտետը գրոհում է ոչ թե օրգանիզմում դրսից հայտնված պաթոգենների, այլ հենց օրգանիզմի բջիջների դեմ։ Առանց լյարդի փոխպատվաստման աղջիկը հաստատ կմահանար։ Նրան փրկեց մի անծանոթ, որը Facebook-ում կարդացել էր, որ աղջկան դոնոր է պետք, եւ որոշել է օգնել նրան։

Ախտորոշումը կայացնելու պահից Մեդիսոնը դեղեր էր ընդունում, բայց նրա վիճակը շարունակում էր վատանալ. 19 տարեկանում ախտահարվեց նրա լյարդը։ Նրա մոտ ախտորոշեցին աուտոիմունային հեպատիտ եւ ցիռոզ։

Հուսահատված ծնողները Facebook-ում գրեցին, որ առանց դոնորական լյարդի իրենց աղջիկը կմահանա։ Գրառումը տեսավ 22-ամյա Ջեյլին Հայսմիթը, որն ապրում էր հարեւան քաղաքում։ Նա չէր ճանաչում Մեդիսոնին եւ անգամ երբեք չէր լսել նրա մասին, բայց որոշեց ստուգվել եւ պարզել՝ կարո՞ղ է արդյոք դոնոր դառնալ նրա համար։ Պարզվեց, որ նա գենետիկորեն համատեղելի էր աղջկա հետ եւ իսկապես կարող էր դոնոր դառնալ՝ տալով իր լյարդի մի մասը։

Վիրահատությունը կատարվեց 2018-ի դեկտեմբերին եւ շարունակվեց 22.5 ժամ։

Այդ ամբողջ ամիսներին Մեդիսոնն ու Ջեյլինը հաղորդագրություններ են փոխանակել, բայց ոչ մի անգամ չէին հանդիպել։ Վերջերս, սակայն, Good Morning America նախագիծը որոշեց կազմակերպել նրանց հանդիպումը։ Ապրիլի 16-ի առավոտյան դոնորը եւ օրգանն ստացած աղջիկը առաջին անգամ հանդիպեցին աղջկա տան մոտ։ Երբ նախագծի վարողն ասաց, թե ով է դրսում սպասում նրան, Մեդիսոնը լաց եղավ։ Դուրս թռչելով եւ գրկելով Ջեյլինին՝ նա ասաց. «Բառեր չունեմ։ Շնորհակալ եմ»։

Ջեյլինը նույնպես շատ ուրախ էր տեսնել Մեդիսոնին հաղորդագրություններով շփվելուց ամիսներ հետո։

news.am



Նման նյութեր