«Երաժշտական ասպարեզում մի քանի հոգի իրենց նավթալին, կեղտոտ մտքերով թունավորում են երիտասարդների»․ Արտո Թունջբոյաջյան. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Երաժշտական ասպարեզում մի քանի հոգի իրենց նավթալին, կեղտոտ մտքերով թունավորում են երիտասարդների»․ Արտո Թունջբոյաջյան. life.tert.am

Մեկ անգամ չէ, որ ինքն իր մասին խոսելիս նա ասել է` Արտո Թունջբոյաջյանին ես չեմ դարձրել էդպիսին,  «Արարատ» երգն է դարձրել։ Նրա՝ երաժշտությունը նոր հնչյուններով ներկայացնելու ունակությունը 2011 թվականին չի վրիպել «ԱՄՆ ձայնագրման արվեստի և գիտության ազգային ակադեմիա»-ի աչքից, ինչի շնորհիվ Armenian Navy Band–ի ղեկավարն ամերիկացի հայտնի սաքսոֆոնահար Փոլ Ուինթերի հետ թողարկած Miho: Journey to the Mountain ալբոմի համար արժանացավ «Գրեմմի»-ի:

Արտոն մի քիչ նեղսրտելով է նշում, որ Հայաստանում իրենց խմբի ամենահայտնի գործն այդպես էլ մնաց «Արարատը», չնայած, ըստ կատարողի, դրան նախորդել ու հաջորդել են շատ ավելի արժեքավոր գործեր։

Tert.am Life-ը Արտո Թունջբոյաջյանի հետ զրուցել է հայկական երաժշտական դաշտի ու նոր ստեղծագործողների մասին։

Երաժիշտը վստահ է՝ ինքը «Գրեմմի» է ստացել նորություն բերելու, նոր մի բան փորձելու ու ներկայացնելու համար։ Նույն սկզբունքով էլ երիտասարդներին է խորհուրդներ տալիս։

«Մեր երաժշտական շուկան պետք է կարգի բերվի, որպեսզի միայն հարսանիքի շուկա չդառնա։ Շուկա չլինելու պատճառը կոնկրետ միտք չունենալն է։ Հասարակ օրինակ բերեմ՝ սկավառակ վաճառելու մշակույթը գրեթե կորավ՝ ինչո՞ւ, որովհետև մարդիկ տեսան, որ սևերը ավտոմեքենաների հետևը նստած ավելի շատ փող են կարողանում աշխատել։ Իրենք էլ դա օգտագործելով կոնցեպտ մտածեցին ու ստեղծեցին նոր շուկա։  Մենք էլ պետք է տեղի շուկան կառուցենք, բայց դրա համար անհրաժեշտ է նախապես մտածված կոնցեպտ ունենանք։ Պետք է այդ հարցի շուրջ հավաքվեն շատ մարդիկ, որ հնարավոր լինի արդյունքի հասնել»,- ասաց երաժիշտը։

Խոսելով «ռաբիս»  երաժշտության մասին` Արտո Թունջբոյաջյանը նշեց, որ ճաշակը ձևավորվում է ժամանակի ընթացքում։ Շրջապատից ու առաջարկված որակից է կախված, թե ինչպիսին կդառնաս տարիներ հետո։ «Մարդուն ասում ենք ռաբիս, բայց մարդիկ ռաբիս չեն ծնվում, չէ՞։ Դա ժամանակի ընթացքում է ձևավորվում։ Ինձ համար ամենավտանգավոր բաներից մեկն է, երբ 15 տարեկան երեխային  ասում են` վիրտուոզ։ Եթե երեխային այդ տարիքից նման որակում ես տալիս, բա 20 տարեկանում ի՞նչ ես ասելու՝ աճելու տեղ մնա՞ց։ Որքան էլ շնորհք ունենան՝ նրանք դառնում են եսակենտրոն, ինչը վտանգավոր է, որովհետև չեն աճում, աճելու տեղ էլ չեն տալիս»,- ասաց Արտոն ու ավելացրեց, որ այդ երևույթն ինքը նկատել է ոչ միայն Հայաստանում, այլև հարևան երկրներում։

Երաժիշտը շեշտեց, որ տարիների ընթացքում այս տարածաշրջանի մարդկանց հետ շփվելիս մի բան է նկատել՝ գրեթե բոլորը հետ են նայում․ «Երբ այստեղի մարդկանց ուշադիր ես լսում, վաղվա համար երբեք չեն խոսում, միշտ անցյալ է․ մենք այսպիսին էինք, մենք այնպիսին էինք։ Ցավալի է, որ հիմնականում այստեղ չկա առաջ՝ հետ են տանում, ոչ թե մտածում վաղվա մասին»։

Արտոյի խոսքով` այդ երևույթն ամենից շատ ազդում է երիտասարդ սերնդի վրա՝ մեխանիկորեն հետ են տանում, առանց ապագայի մասին մտքերի։

Զառա Ղազարյան

Ամբողջությամբ՝ life.tert.am