«Տո՜, ես լավ էլ խոսում եմ գյուղատնտեսությունից, իսկ դուք ի՞նչ եք անում». Ծառուկյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին. aravot.am
Advertisement 1000 x 90

«Տո՜, ես լավ էլ խոսում եմ գյուղատնտեսությունից, իսկ դուք ի՞նչ եք անում». Ծառուկյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին. aravot.am

ԱԺ հերթական նիստում այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադարձավ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտի» շուրջ ԲՀԿ պատգամավորների մտահոգություններին՝ ակնարկելով, որ հազարավոր գյուղացիների խնդիրները թողած՝ գործարար շահի մասին են մտածում. «Իսկ գյուղացին այս տարի եւս բերքն անասնակեր է դարձնում»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր շարունակում են քննարկել «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որը, հիշեցնենք, Իրանից ներմուծվող ցեմենտի մեկ տոննայի համար սահմանում է պետական տուրք՝ 22 000 դրամի չափով: Սա, ըստ կառավարության, միտված է տեղական ցեմենտ արտադրողների շահերի պաշտպանությանը:

Սոֆյա Հովսեփյանի հայտարարությունը դուր չեկավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Նա հայտարարեց. «Տո՜, ես լավ էլ խոսում եմ գյուղատնտեսությունից, իսկ դուք ի՞նչ եք անում: Վարուցանքը սկսել է, բայց ժողովուրդը ոչ դեղ ունի, ոչ սերմ: Չեմ ուզում բողոքավորի տեսք ընդունել, բայց ժողովուրդն ինձ ասում է, որ Ջրային կոմիտեն իրենց հետ պայմանագիր է կապել եւ փող է ուզում, բայց եթե ջուրը չտան եւ բերքն ամռանը չորանա, իրենք պատասխանատու չեն»:

Ծառուկյանը շարունակեց. «Հիմա դուք պատգամավոր եք, հարցնում եմ՝ եթե մարդը բերք է ցանել, բայց ջուր չեն տալիս, բերքը չորանում է…Այս տարի սիլիտրա-սալյարկա տվե՞լ եք ժողովրդին, մտածե՞լ եք, թե ինչ սերմեր են պետք: Հողակտորների 60%-ը չի մշակվում, ձեր ցավը տանեմ…»:

Հավելենք, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց վերոնշյալ օրինագիծը: Այն դեռ պետք է անցնի երկրորդ ընթերցում:

aravot.am