Լիլիթ Բլեյանի փոքր համերգը՝ Փոքր թատրոնում. erit.am
Advertisement 1000 x 90

Լիլիթ Բլեյանի փոքր համերգը՝ Փոքր թատրոնում. erit.am

Ապրիլի 18-ին Փոքր թատրոնում տեղի ունեցած համերգի ընթացքում Լիլիթ Բլեյանը ներկայացրեց իր կողմից գրված և թարգմանած երգերից մի քանիսը: Համերգի համար ընտրվել էին տարբեր ժողովածուներից մեկական երգեր:

Լիլիթ Բլեյանին նվագակցում էր Տիգրան Տեր-Ստեփանյանը: 2014 թվականի ապրիլին Լիլիթ Բլեյանը մեկնարկեց ակուստիկ համերգաշար: Տարբեր ֆորմատներով համերգներ տեղի են ունեցել ոչ միայն Երևանում, այլ նաև Բելգիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հոլանդիայում, Հունաստանում և այլուր: Այս երևանյան համերգով  երգչուհին ամփոփում է հինգ տարիների աշխատանքը:

«Մինչ համերգաշարը սկսելը, ես ունեի ձայնագրած սկավառակներ: Հետո Տիգրանն առաջարկեց, որ համերգներով հանդես գանք. արդեն ժամանակն էր: Ես նոր էի լրագրությունից ցատկ կատարել երգերի ձայնագրման աշխարհ, այնտեղից էլ մի նոր ցատկ էր մնում, որից հետո արդեն բեմին հայտնվեցի»,- պատմում է երգչուհին:

Խոսելով հետագա ծրագրերի մասին, Լիլիթ Բլեյանը նշեց, որ մեծ ցանկություն ունի մանկական երգերը ձայնագրել և ներկայացնել ամբողջական տեսքով: Այս տարի՝ աշնանը, երգչուհուն բուռն շրջան է սպասվում, քանի որ բացի նախատեսվող համերգներից, ծրագրում է Երևանում փառատոն կազմակերպել:

«Նախագիծը կա, այժմ փորձում ենք գտնել աջակիցների: Պետք է լինի փառատոն, որը կոգևորի մարդկանց, կոգեշնչի այսօր հայերեն ամենատարբեր ոճերում հետաքրքիր երգեր գրել: Այսինքն՝ ոչ թե անել մշակումներ, ոչ թե գրել, երգել անգլերեն կամ վերադառնալ մեր ակունքներին և վերցնել ժողովրդական-ազգագրական երգեր, այլ հենց այսօր, մեր կյանքը, որ ընթանում է, պատկերել երգերի մեջ: Սա շատ կօգնի, որ հայերեն երգային տեքստը և հայերենը որպես երգային լեզու ավելի դինամիկ զարգանա»,- Eritasard.am-ի հետ զրույցում նշեց Բլեյանը:

Համերգի ընթացքում ներկայացվեցին տարբեր ալբոմներում ձայնագրված երգերը: Հնչեց նաև նոր երգ՝ նոր թարգմանություն՝ «Աղոթք վերադարձի»: Համերգի ընթացքում առաջին անգամ բեմ բարձրացավ նաև Բլեյանի 9-ամյա աղջիկը: Մայր և դուստր հանդիսատեսին դուետ ներկայացրին:

erit.am