Ապրիլի 21-ին, ժամը 19:04-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ապրիլի 20-ին, ժամը 20:00-ի սահմաններում մասամբ փլուզվել է Սյունիքի մարզի Խդրանց գյուղի եկեղեցին (1892 թ.-ի կառույց). տուժածներ չկան, հայտնում են ԱԻ նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է եկեղեցու կողային պատը՝ մոտ 180 քմ մակերեսով:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության, մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետերին ու Կապանի փոխհամայնքապետին:
Նշենք, որ ավելի վաղ Սյունիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցու փլուզման մասին ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել էր օգտատեր Սասուն Մանուկյանը:
«Սյունիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցին է։ Այսօր է փլուզվել… Օրվա խորհուրդը նորովի ընկալելու կարիք կա… 21.04.2019թ.»,- գրել է նա։