Առնվազն 45 երեխա ու դեռահաս է զոհվել ապրիլի 21-ին Շրի Լանկայում իրականացված մի շարք պայթյունների հետևանքով: Այդ մասին ապրիլի 23-ին Ժնևում հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Բուլիերակը, որի խոսքը մեջբերել է «Ֆրանսպրես» գործակալությունը:
«Ներկայում ընդհանուր առմամբ մահացել է 45 երեխա ու դեռահաս…, և այդ թիվը կարող է ավելանալ»,- նշել է Բուլիերակը, հավելելով, որ բժիշկները շարունակում են պայքարել տուժած մի քանի երեխաների կյանքի համար: Շրի Լանկայում զատկական կիրակի օրը տեղի են ունեցել մի շարք պայթյուններ. առաջին վեցը որոտացել են երկրի երեք տաճարներում և երեք հյուրանոցներում, յոթերորդը՝ կղզու արևմուտքում, ութերորդը՝ Կոլոմբոյի արվարձանի բնակելի համալիրում: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ ահաբեկչական գործողությունները կատարել են մահապարտ-ահաբեկիչները: Վերջին տվյալների համաձայն, պայթյունների հետևանքով զոհվել է 321 մարդ, տուժել է ավելի քան 520 հոգի: Ահաբեկչական գործողությունների հետաքննության ընթացքում ձերբակալվել է 40 մարդ:
Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Շրի Լանկայում իրականացված մի շարք պայթյունների պատասխանատվությունը, թեև խմբավորումը կղզում կատարված գրոհներին իր մեղսակցության ապացույցներ չի ներկայացրել: