Հայոց ցեղասպանությունը վերապրած 108-ամյա Եպրաքսյա Գևորգյանը ցանկություն է հայտնել ապրիլի 24-ին ցեղասպանության զոհերի հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Էդիտա Գզոյանը:
«Մի քանի օր առաջ մեզ այցելել էր ցեղասպանությունը վերապրած մի տատիկի թոռնիկ: Նա խնդրել է կազմակերպենք, որ տատիկն ապրիլի 24-ին գա հուշահամալիր: Պատրաստվում ենք տատիկին դիմավորել, սայլով տատիկին այնպես ենք անցկացնելու, որ մարդկանց մեծ հոսքի մեջ չընկնի»,- ասաց Գզոյանը:
«Արմենպրես»-ը զրուցեց նաև Եպրաքսյա Գևորգյանի թոռան՝ Արթուր Կարապետյանի հետ: «Նա վերջին տարիներին շատ է մտածում զոհվածների հիշատակին Ծիծեռնակաբերդում ծաղիկներ դնելու մասին: Ուզում եմ իր նպատակն իրականացնել: Անընդհատ պատմում, հիշում է»,-ասաց նա ու հավելեց, որ տատը գաղթել է Կարսից, ներկայում ապրում է Արմավիր քաղաքում:
Հարցին, թե արդյոք տատիկի համար ֆիզիկական մեծ դժվարություն չի լինի հասնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր՝ Եպրաքսյա տատիկի թոռն ասաց, որ անցագիր են վերցրել թանգարան-ինստիտուտ հիմնադրամից, որ տատիկը մեքենայով մինչ հուշարձան բարձրանա, հետո նրան սայլալով կուղեկցեն։
2019-ին լրանում է Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցը: