Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուսաստանյան ԶԼՄ-ները տեղեկացրին, որ երկու օր առաջ Պետրոզավոդսկում հայտնաբերված Հայաստանի ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, որին ՀՀ ներկայիս իշխանությունները բազմաթիվ հանցագործությունների մեջ են մեղադրում և հետախուզում էին հայտարարել, ՌԴ դատարանի կողմից 40 օրով կալանավորել է…
Սույն թվականի հունվարի 24-ին ՀՔԾ-ն վերսկսեց հայտնի օֆշորի քրեական գործի վարույթը, որտեղ Միհրան Պողոսյանը գլխավոր դերակատարներից է… Այդ ամենը “ստիպեց” պարոն Պողոսյանին լքել Հայաստանը…
Բոլորն էլ հասկանում են, որ Միհրան Պողոսյանի ձերբակալությունը, չնայած նրան առաջադրված ծանր մեղադրանքներին, նաև քաղաքական մոտիվներ է պարունակում, քանի որ ավելի ծանր հանցագործություններ գործած անձինք ազատ շրջում են Հայաստանում…
Հարց է առաջանում…
Ինչո՞ւ հիմա ձերբակալվեց Պողոսյանը… Ոչ մեկի համար նորություն չէ, որ նախկին իշխանությունների օրոք բազմաթիվ ֆինանսական աճպարարությունների, կոռուպցիայի և այլ հանցագործությունների մեջ մեղադրվող նախկին իշխանությունների ներկայացուցիչների միակ պատսպարման մինչ այսօր համարվող ապահով վայրը Ռուսաստանն էր, քանի որ եվրոպական երկրներում նրանք խոցելի են և կարող են Հայաստանի նոր իշխանությունների խնդրանքով ձերբակալվել և արտահանձնվել…
Հատկապես, երբ Մոսկվան մերժեց Փաշինյանին արտահանձնել ՀՀ նախկին պաշտպանության նախարար Մ. Հարությունյանին, որը նաև պարզվեց ՌԴ քաղաքացի է, շատերի մոտ այդ կարծիքն էլ ավելի ամրապնդվեց… Հետաքրքիր զուգադիպությամբ «բանանի արքա» Միհրան Պողոսյանի շուրջ ծավալվող գործընթացներն ակտիվացան այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ապրիլի 29-ին Հայաստան է ժամանելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը… Այնպիսի տպավորություն է, որ ՌԴ վարչապետի այցից առաջ պաշտոնական Մոսկվան, գրպանից հանելով «կոնֆետը»՝ Միհրան Պողոսյանին, հասկացնում է պաշտոնական Երևանին, որ այն 40 օր հետո կտա վերջինիս, եթե սպասվելիք հայ-ռուսական բանակցությունների արդյունքում Մոսկվան ինչ-որ «ոլորտներում. բավարարված զգա իրեն…
Չպետք է զարմանանք, եթե Մոսկվան, բավարարված չլինելով Փաշինյան-Մեդվեդև բանակցությունների արդյունքներից, չարտահանձնի Միհրան Պողոսյանին՝ պատճառաբանելով, որ վերջինս քաղաքական հետապնդումների է ենթարկվում Հայաստանում…
Մոսկվան, 40 օրով բանտարկելով Հայաստանի ԴԱՀԿ նախկին պետին, թքած ունի Երևանում նրան առաջադրված մեղադրանքների վրա… Պարոն Պողոսյանն ընդամենը խաղաքարտ է Կրեմլի համար հայ-ռուսական հարաբերություններում…
Ի դեպ, բազում հանցագործությունների մեջ մեղադրվող քաղաքական և տնտեսական գործիչներին առուծախի առարկա դարձնելու և պատսպարելու նույնատիպ քաղաքականություն է վարում նաև, օրինակ, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և այլ երկրներ…»:
Ինչու՞ հիմա ձերբակալվեց Միհրան Պողոսյանը Ռուսաստանյան ԶԼՄ-ները տեղեկացրին, որ երկու օր առաջ Պետրոզավոդսկում…
Gepostet von Gagik Hambaryan am Dienstag, 23. April 2019