Արդարությունը վերականգնելու համար հայ ժողովրդի վճռականությունը երբեք չի մարի: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում մեր հայրենակիցները հայ ժողովրդի բարեկամների հետ միասին մի շարք միջոցառումներ, հիշատակի արարողություններ են անցկացնում: Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն քայլ է մեր արդարությունը վերականգնելու, այլև քայլ է՝ ուղղված ցեղասպանությունների կանխարգելմանը: Դա պատգամ է ՝ անպատժելիությունը ընդունելի չի լինելու»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:
Լրագրողների այն հարցին, թե հաշվի առնելով Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացումը, հնարավո՞ր է նոր գործընթաց սկսվի Թուրքիայի հետ, Զոհրաբ Մնացականյանը քիչ հավանական համարեց:
«Ցավոք, դուք տեսնում եք այն ամենն, ինչ գալիս է պաշտոնական Անկարայից և դրանք հուսադրող չեն, ընդհակառակը՝ քննադատության արժանի »,-ասաց նախարարը: Հարցին, թե արդյոք Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման է, Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ նման բան երբեք չի ասվել:
Նախարարն ընդգծեց, որ ժխտողականության դեմ պայքարը Հայաստանի համար մնում է արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը: Նա ընդգծեց, որ տարիներ շարունակ հետևողականորեն միջազգային օրակարգում առաջ են տանում ցեղասպանությունների կանխարգելման հարցը:
«Ցեղասպանությունը կանխարգելելը դա միջազգային պարտավորություն է, մենք շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատանքը: Ինչպես գիտեք, դեկտեմբերի 9-ին եղավ հերթական ցեղասպանությունների կանխարգելման 3-րդ գլոբալ ֆորումը: Դուք գտեք, որ դեկտեմբերի 9-ը Հայաստանի նախաձեռնությամբ հռչակվեց Ցեղասպանությունների կանխարգելման և ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Հայաստանը մշտապես նորոգում է բանաձևերը, զարգացնում է իրավական հիմքերը՝ ուղղված միջազգային կանխարգելման գործընթացին: Այս գործընթացը երբևէ կանգ չի առնում: Մենք գիտենք ցեղասպանության գինը և մենք պարտավոր ենք հետևողականորեն աշխատել արդարությունը վերականգնելու համար: Անպատժելիությունը չի կարող ընդունելի լինել»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը: