Հայաստանում կարկտահարության դեմ պայքարի խնդրին օրերս անդրադարձել էր արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա մասնավորապես նշել էր, որ հանրապետությունում ներկա պահին առկա են 500-ից ավելի կայաններ, որոնց գործունեության արդյունավետությունը հարցեր է առաջացնում:
Խնդրի շուրջ խոսելով՝ «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծեց լուծման իր տարբերակների մասին, ինչպես նաև մատնանշեց ոչ էֆեկտիվ հակակարկտային կայաններ ունենալու պատճառները:
Վերադառնալով հակակարկտային ցանցային համակարգին՝ նա ընդգծեց, որ այդ ցանցերի արտադրությունը պետք է ընդլայնել, ըստ որի՝ կլուծվի նաև գնային քաղաքականության հարցը:
«Երբ մենք սկսեցինք տարածել այդ գաղափարը, նշել, որ ցանցային համակարգերը լավագույնն են և 1 հեկտարի համար այն կարելի է ձեռք բերել 3000 դոլարով, կային հակաճառողներ, որոնք ասում էին՝ ո՛չ, 30 հազար դոլար է և գյուղացին չի համաձայնի: Հակաճառողները հիմնականում գազային համակարգի աշխատակիցներն էին, որոնք ուզում էին իրենց ծառայությունը փրկել: Դե, բյուջեից բավականին յուղոտ կտորներով են ֆինանսավորվում: Բայց ստացվում է՝ հակակարկտային կայաններն արդյունավետ չեն: Այդ ծառայության համար բյուջեից բավականին մեծ գումարներ են դուրս գրվում, և հերթական անգամ բյուջեն թալանվում է, մի խոսքով՝ թալանը շարունակվում է»,-նշեց նա՝ ընդգծելով, որ ի սկզբանե դեմ է եղել այդ կայանների ներդրմանը:
«Այդ համակարգերին առաջինը ես եմ դեմ եղել: Գրել էի եզրակացություն և ընդգծել, որ Հայաստանում դա չի աշխատի, ինչի համար ինձ հեռացրել էին հանձնաժողովից: Բայց ժամանակը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք, թեև այն ժամանակ ղեկավարությանը դուր չեկավ մեր եզրակացությունը: Չարաբաստիկ կայաններն, այդուհանդերձ, այդպես էլ չաշխատեցին: 30 հատն Արգենտինայից են բերել, մնացած 470-ն այստեղ է արտադրվել: Իրենց իրական գինը 24-30 հազար դոլար չէ, մի քանի անգամ ավելի էժան է: Եվ պատկերացրեք՝ միջինը 25 հազար դոլարով 500 կայան վաճառվել է պետությանը»,-ասաց Հ. Բերբերյանը՝ նշելով, որ այդ կայաններն իսկապես խնդիր են ԱԻՆ-ի համար:
«Ես համամիտ եմ նախարարի հետ: Եվ սա ուղղակի մի պատուհաս է, որ գցել են ԱԻՆ-ի վրա: Այդ խայտառակ սարքերը Հայաստանում երբեք չեն աշխատելու, և սա խնդիր է, որը լուծման կարիք ունի: Նախ պետք է ուսումնասիրություն արվի, մեղավորները պետք է պատժվեն նրա համար, որ 15 տարի ժողովրդի գումարները մսխել են: Մենք պետք է ուղղակի անցնենք այն ռացիոնալ համակարգերին, որոնք օգուտ կբերեն Հայաստանի գյուղատնտեսությանը: Կարող են օգտագործել նաև ավիացիոն համակարգերը, ըստ որի՝ ինքնաթիռը բարձրանում է և վերևից քիմիկատը նստեցնում կուտակված ամպի վրա: Պատկերացրեք, թե տարիներ շարունակ հակակարկտային կայանների վրա ինչ գումարներ են ծախսվել: Այդ գումարներով վաղուց 2 ինքնաթիռ գնած կլինեինք»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Աննա Բադալյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում