«Նենեգա, ես հիշում եմ». Սիմոնյանը պատմել է` ինչպես են նախատատերը փրկվել ցեղասպանությունից. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Նենեգա, ես հիշում եմ». Սիմոնյանը պատմել է` ինչպես են նախատատերը փրկվել ցեղասպանությունից. armeniasputnik.am

Sputnik–ի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի երկու նախատատերը փրկվել են Հայոց ցեղասպանությունից։ Սիմոնյանն այդ մասին գրել է իր տելեգրամ–ալիքում։

«Աշխարհում որքան մարդ կա, այնքան էլ հիմարների տեսակ կա», – ասում էր գլխաշորով կինը` Նարտուհի Ներսեսյանը, իմ նենեգան` նախատատը։ Նա կարդալ չգիտեր, բայց ինձ սովորեցրել է աղոթել, Աստծուց վախենալ ու չվախենալ մարդկանցից։ Գրեթե բոլոր մարդկանցից։ Բացի նրանցից, ում ձեռքին յաթաղան կա», – գրել է Սիմոնյանը։

Նա պատմել է, որ 1915 թվականին Նարտուհու աչքի առաջ յաթաղանով կտրել են ծնողների, եղբայրների ու քույրերի գլուխները։ Ավագ քույրն ամուսնացած է եղել. բռնաբարությունից խուսափելու համար նետվել է տրապիզոնյան բարձր ափից ու խորտակվել։ Ամբողջ ընտանիքից ողջ են մնացել միայն Նարտուհին ու կրտսեր քույրը` Ալիսան, որի պատվին անվանակոչել են Սիմոնյանի կրտսեր քրոջը։

«Նրանց հայրը մահանալուց առաջ հասցրել է յուրաքանչյուրին մեկական ոսկի տալ, որը նախատատս բերանում է թաքցրել։ Երկու երեխաներին էլ` սպիտակամաշկ ու կապուտաչյա, վերցրել են թուրք ընտանիքները. փոքր, գեղեցիկ աղջիկներին ողջ էին թողում։ Նրանք ապրել են թուրքերի ընտանիքում, մինչև ողջ մնացած բարեկամները գտել են նենեգային ու օգնել են փախչել Ղրիմ», – գրել է Սիմոնյանը։

Դրանից հետո Սիմոնյանի ընտանիքի հորական կողմը հաստատվել է Ղրիմում, բայց Ալիսայի` Նարտուհու կրտսեր կնոջ հետ կապը կորել է։

Սիմոնյանի մյուս նախատատը ցեղասպանության ժամանակ մոտ հինգ տարեկան է եղել։ Յաթաղանով մարդիկ եկել են նաև նրանց տուն, բայց ծնողները հասցրել են աղջկան փաթաթել գորգի մեջ ու պատին հենել։

«Նա այնտեղ կանգնած լսել է` ինչպես են սպանել հարազատներին։ Իսկ այն ժամանակ ընտանիքները մեծ էին, ու նա երկար է այդպես կանգնել։ Գորգի մեջ փաթաթված մնացել է, մինչև հարևանները գտել են նրան», – գրել է Սիմոնյանը։

Նա հիշեցրել է, որ ապրիլի 24–ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է ու ավելացրել է. «Նենեգա, ես հիշում եմ»։

armeniasputnik.am