ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ապրիլի 25-ի նիստում Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանին հանձնարարեց Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցի նորոգման հարցը մտցնել գործնական փուլ: Փաշինյանը Գաբրիել Ղազարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ այն մինչ այսօր չի նորոգվել:
«Այդ հարցն արդեն քննարկվում է 2015 թվականից: Երեկ Քաղշինկոմիտեի նախագահի հետ զրուցել ենք այդ թեմայի շուրջ ու այսօր կամ վաղը պետք է հանդիպենք և գումարային հարցերի առումով բանակցությունները առաջ տանենք: Սա իրականում առաջնահերթ հարց է մեզ համար»,- ասաց Ղազարյանը:
Նիկոլ Փաշինյանը հորդորեց արագ կատարել հաշվարկներն ու սկսել շինարարությունը:
«Ես գիտեմ, որ երկու տարբերակ կա՝ վերանորոգելու կամ նոր շենք կառուցելու։ Ինձ ասացին, որ դրանցից մեկը մոտավորապես արժի 400-500 միլիոն դրամ, եկեք պայմանավորվենք հետևյալը՝ շատ արագ հաշվարկները իրականացնենք, Արթուր Ալեքսանյանին ու իր թիմին ներգրավենք, գումարը հատկացնենք ու արագ սկսենք շինարարությունը: Այն մարզիկները, որոնք ոգեշնչման օրինակ են, պետք է տեսնեն, որ Հայաստանը գնահատում է իրենց վաստակը պետության առջև»,- ասաց Փաշինյանը: