ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրում նավթ, գազ, ոսկի ունենալուց շատ առավել կարևոր է համարում միտք, գաղափար ունենալը: Նա արձանագրեց` չկա ավելի մեծ ռեսուրս, քան մարդկային միտքը:
Փաշինյանը նման տեսակետ հայտնեց Մտավոր սեփականության միջազգային օրվա նվիրված «Մտավոր սեփականության ոլորտի կարևորությունը երկրի տնտեսությունում հեղափոխություն կատարելու գործում» թեմայով կոնֆերանսում:
«Ժամանակակից աշխարհում մտավոր սեփականությունն ու դրա պաշտպանությունն ամենահրատապ և ամենաքննարկվող ու առարկայական թեմաներից է: Վերջին հարյուրամյակի զարգացումները բերել են նրան, որ նյութական սեփականությունից շատ ավելի կարևոր և արժեքավոր է մտավոր սեփականությունը: Եվ այս է պատճառը, որ այսօր ժանակակից աշխարհում բոլոր ձևաչափերում ոչ մի գագաթնաժողով, ոչ մի միջպետական հանդիպում չի շրջանցում մտավոր սեփականության պաշտպանության հարցը: Սա չի վերաբերում միայն ստեղծագործական, արվեստի ոլորտին, այլ ամեն ինչին, քանի որ չկա ավելի թանկ բան, քան գաղափարը: Մտավոր սեփականության հետ կապված խնդիրը լիարժեք համընկնում է այն գաղափարաբանության հետ, որի վրա հիմնվելով իրականցվել են Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները: Իրականության մեջ չի կարող տեղի ունենալ մի բան, քանի դեռ այն տեղի չի ունեցել մեր մտքում: Ցանկացած բան, որ մեզ շրջապատում է, իրականություն է, գոյություն ունի ֆիզիկապես, այդ ամենը նախ գոյություն է ունեցել մեր մտքում` սկսած արվեստից, վերջացրած բարձր տեխնոլոգիական միջոցառումներով»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը շեշտեց` տնտեսական հեղափոխության իրականացման համար չափազանց կարևոոր է նաև մտավոր սեփականության պաշտպանությունը: Նա նկատեց` ստեղծագործությունն այլևս միայն արվեստը չէ, այլ ցանկացած բան, տնտեսական ցանկացած գործունեություն առաջին հերթին ստեղծագործություն է, պետական կառավարումը՝ ևս: Վարչապետը մեծապես կարևորեց օրը և ընդգծեց, որ կառավարության համար առաջնահերթություն պետք է լինի մտավոր սեփականության պաշտպանությունը:
«Համաշխարհային տնտեսության կառուցվածքում կտեսնենք, որ ժամանակակից տնտեսությունը ամբողջովին հենված է մտավոր սեփականության վրա: Համակարգիչը, ինտերնետը, ժամանակակից տեխնոլոգիաները ոչ թե որևէ տեղ կային և մարդը հայտնաբերել է, այլ դրանք ստեղծվել են մարդու մտքի, աշխատանքի արդյունքում: Եվ երբ ասում ենք տնտեսական հեղափոխություն, առաջին հերթին սա նկատի ունենք: Այլևս այն ժամանակները չեն, որ կարևոր լինի` մենք նավթ, գազ, ոսկի մոլիբդեն ունենք , թե ոչ: Այսօրվա հարցը հետևյալն է` մենք միտք, գաղափար, մտավոր աշխատանքի ունակություն ունենք, թե ոչ: Մենք արձանագրում ենք, որ չկա ավելի մեծ ռեսուրս, քան մարդկային միտքը, չկա ավելի մեծ ուժ, քան մարդկային ստեղծագործությունը, չկա ավելի մեծ պոտենցիալ, քան մարդկային համարձակությունը, որ նույնպես մտավոր շատ կարևոր գործիք է: Մեզ այսօր մեծ մարդկային համարձակություն է պետք և մենք այդ համարձակության առաջին քայլերն արել ենք` մարտահրավեր նետելու այն խեղճությանը, հուսահատության, փակուղու զգացողությանը, որում, ցավոք, մեր երկիրը բավականին երկար ժամանակ գտնվել է: Մենք ունենք այդ միտքը, կամքը, այդ համարձակությունը»,- ասաց Փաշինյանն ու հավելեց, որ դա ամենակարևոր գրավականն է, որ հայ ժողովրդի հաղթանակի գործընթացը լինելու է շարունակական:
Վարչապետը համոզվածություն հայտնեց, որ Հայաստանն այսօր ունի բավարար պոտենցիալ` մտավոր հարստություններ կերտելու և երկրի անվտանգությունը, բարեկեցությունը և ապագան այդ մտավոր գանձարանի վրա հենելու համար: