Ապրիլի 26-ին Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի կառամատույցում կայացավ Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթի մեկնարկն ազդարարող միջոցառումը: Ժամանցային ծրագրի հանդիսավարն էր ճանաչված դերասան, երգիչ և հաղորդավար Արամ MP3-ը: Ներկա էին Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը և ֆուտբոլիստները: Հյուրերի թվում էին Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստներ Արմեն Շահգելդյանը, Համլետ Մխիթարյանը, Ռոբերտ Արզումանյանը, 2005 թ. Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում եզրափակիչ փուլին մասնակցած Էդգար Մանուչարյանը, այդ հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը, հունահռոմեական ոճի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ՀՖՖ Գործկոմի անդամներ, այլ պաշտոնյաներ:
Ներկաները հնարավորություն ստացան շփվել միմյանց հետ, լուսանկարվել, և մասնակցել ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթին: Միջոցառումն անցավ տոնական բարձր տրամադրությամբ: Ֆուտբոլային գնացքը 3 ամիս շարունակ կիրականացնի իր ուղերթները Մ-19 Եվրո-2019 մրցաշարի բրենդային ներքին և արտաքին ձևավորմամբ: