ՀՀ քաղաքացու օրվա առթիվ Երևանի փողոցներում, այգիներում անցկացվում են բազմաբնույթ միջոցառումներ:
Ապրիլի 27-ի առավոտից Մաշտոցի պուրակում ծառատունկ էր անցկացնում «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ն, աշխատակիցներին էին միացել նաև քաղաքացիներ: Այգին համալրվեց 27 նոր սոսիով:
«Ես սա դիտում եմ որպես համալրում՝ այգուն համապատասխան ծառերով: Փորձում ենք կենտրոնի սահմանափակ կանաչ գոտիները համալրել: Բոլոր ծառերը հիմնականում 50 և ավելի տարեկան են: Դրանք փոփոխությունների կարիք ունեն»,-ասաց «Կենտրոն կանաչապատում» -ի տնօրեն Ռուբեն Սիմոնյանն ու նշեց՝ քաղաքացու օրը գեղեցիկ նորույթ է և հույս հայտնեց, որ կդառնա սիրված տոն ու ինքնանպատակ չի լինի:
Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում համերգային ծրագրով հանդես էին գալիս Ավանի մշակույթի տան սաները:
Իսկ Մաշտոց-Պուշկին փողոցների խաչմերուկում իրենց ամենօրյա պարապմունքներն էին անցկացնում մարզադպրոցներից մեկի բռնցքամարտիկ սաները: «Մարզիկները սովորական հերթական պարապմունքներից մեկն են անցնում: Շատ հաճելի եղանակ է, որոշել ենք այսպես նաև մասնակցել միջոցառմանը»,-ասաց մարզիչ Արշակ Ավարտակյանը:
Այնուհետև նույն տարածքում անցկացվեցին սուսերամարտիկների ցուցադրական ելույթներ: