ՀՀ քաղաքացու օրվա շրջանակում Հայաստանում անցկացվում է 250-ից ավելի միջոցառում: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը դրանց անցկացման համար հատկացված 124 մլն դրամը համարում է ողջամիտ՝ համեմատելով նախկինում նմանատիպ միջոցառումների համար հատկացված գումարների հետ: Աղաջանյանն այս մասին խոսեց լրագրողների հետ զրույցում:
«Որպեսզի հասկանանք միջոցառումների համար հատկացված գումարը մեծ է, թե փոքր կամ ինչքանով է արդարացված, պետք է դա համեմատության մեջ դնենք նախկինում կազմակերպված նմանատիպ միջոցառումների գումարների հետ: Մեկ տարի առաջ Էրեբունի Երևանի 2800-ամյակին քաղաքապետարանը նախատեսել էր 1 մլրդ 700 մլն դրամ գումար՝ միջոցառումների համար, որոնք տեղի էին ունենալու միայն Երևանում: Այսօր մենք նշում ենք Քաղաքացու օրը ՀՀ-ի ողջ տարածքով մեկ՝ բոլոր մարզերում: Բոլոր մարզկենտրոններում կազմակերպված են նմանատիպ, նույնաբովանդակ միջոցառումներ: Եվ ունենալով այս համեմատությունները՝ մեր հետևությունը հետևյալն է՝ միանշանակ է, որ այդ գումարը խելամիտ է նմանատիպ միջոցառումը կազմակերպելու համար՝ հաշվի առնելով, թե այդ գումարի դիմաց մենք ինչ ենք ստանում»,- ասաց Աղաջանյանը:
Նրա կարծիքով՝ Քաղաքացու օրվա շրջանակում անցկացվում են շատ ավելի բովանդակային միջոցառումները, քան նախկինում: Աղաջանյանը տեղեկացրեց, որ ապրիլի 27-ին Հայաստանում 250 և ավելի միջոցառումներ են կազմակերպված: Նա սա համարեց աննախադեպ երևույթ: