Ռուսական էստրադայի հայտնի երաժշտական պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը բացատրել է, թե ինչու է Ռուսաստանի «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծի 6-րդ եթերաշրջանում հաղթանակ տոնել հայտնի երգչուհի Ալսուի դուստրը` Միկելլա Աբրամովան: Այս մասին Պրիգոժինը գրել է Ինստագրամի իր էջում:
«Միկելլայի օգտին քվեարկել են Ալսուի երկրպագուները, որոնք շատ են: Բացի այդ՝ նրան աջակցում էին երգչուհու ընկերներն ու գործընկերները, ինչն էլ առավելություն տվեց աղջկան: Սակայն դրանում ոչ ոք մեղավոր չէր` ո՛չ Միկելլան, ո՛չ նրա ծնողները, ոչ էլ Առաջին ալիքը: Հաղթանակն անսպասելի էր նույնիսկ իր` Միկելլայի համար: Չի կարելի ասել, թե նա մյուս մասնակիցներից վատն էր: Բոլոր երեխաներն էլ տաղանդավոր էին:
Սարսափելի է, երբ երեխաների շուրջ սկանդալ է ստեղծվում: Խնդրում եմ, դադարեք թունավորել Միկելլայի կյանքը: Յուրաքանչյուր հեռուստանախագիծ բիզնես է մեծերի համար, և ծնողները, ովքեր իրենց երեխաներին մրցույթի են ուղարկում, պետք է գիտակցեն դա: Երեխաները մաքուր, պարզ էակներ են, չի կարելի հոգեբանական խնդիրներ առաջացնել այդ տարիքում»,- գրել է Պրիգոժինը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի «Ձայնը. երեխաներ» 6-րդ եթերաշրջանի հաղթող էր ճանաչվել Ալսուի դուստրը` Միկելլա Աբրամովան` զայրույթի մեծ ալիք բարձրացնելով հեռուստանախագծին հետևողների շրջանում: Նրանք հաղթանակն անվանել էին «վաճառված»:
Հավելենք, որ նախագծի եզրափակչում 2 հայ մասնակից կար՝ Վալերի Մելաձեի թիմում «փոքրիկ ղարաբաղցի» Միշան, Լոբոդայի թիմում՝ Ռոբերտ Բագրատյանը։ Նախագծի ամբողջ ընթացքում հաղթական ճանապարհ անցած 2 հայ փոքրիկներն էլ, սակայն, հանդիսատեսի քվեարկության արդյունքում դուրս էին մնացել նախագծից: