Ռուսաստանի մանկական «Ձայնը» նախագիծն ավարտվեց՝ խոսակցությունների ու քննարկումների տեսանկյունից հանգստյան օրերին թեժ պահելով համացանցային տիրույթը։
Արդյունքների մասին մարզիչներից Պելագեան լռեց, Վալերի Մելաձեն հորդորեց ստուգել քվեարկության արդյունքները, իսկ Լոբոդան, որի թիմից Միկելլա Աբրամովան դարձավ հաղթող, առավել կտրուկ արձագանքեց՝ նա այլևս չի համագործակցի «Ձայնը» նախագծի հետ։
Բուռն դրական արձագանքների արժանացան հայ երկու փոքրիկները՝ Ռոբերտ Բագրատյանն ու Միշա Գրիգորյանը, որոնք, սակայն, նախագծի սուպեր-եզրափակչում չհայտնվեցին։
Tert.am Life-ը նախագծի, նոր առաջարկների, սուպեր-եզրափակիչ չհասնելու ու թարմ տպավորությունների մասին զրուցեց Միշայի և նրա պրոդյուսեր Լիրա Քոչարյանի հետ։
Միշան նախագծում հաղթելու հետ կապված ունի իր պատկերացումները՝ սա «փոքրիկ ղարաբաղցու» համար իր կարիերայում ևս մեկ փուլ է, որը հաղթահարել է և ընդամենը մի քանի օր հանգստից հետո վերադառնալու է ակտիվ աշխատանքի՝ առջևում նոր տեսահոլովակն է։
«Նախագիծը կենդանի նվագախմբի հետ աշխատելու մեծ փորձ է տվել, երաժշտական իմ պրակտիկայի ընթացքում նման ձևաչափ ունեցող ծրագրի դեռ չէի մասնակցել: Ես նախագծի շրջանակներում փորձեցի իմ գործն անել հնարավորինս լավ, ասում են, որ ստացվել է։ Ինչ վերաբերում է քվեարկությանը, ապա իմ չանցնելու պատճառը, գուցե, հայերի քվեարկության պասիվությունն էր կամ ադրբեջանցիների չափազանց ակտիվությունը՝ հօգուտ ղազախ մասնակցի,- ասաց Միշան ու հավելեց,- Ես չեմ ուզում հավատալ, թե ինչ-որ միտում է եղել, քանի որ, մինչև sms քվեարկությունը, հայ մասնակիցներն առաջատարների շարքում էին, ուրեմն՝ պատճառը sms քվեարկության մեջ է»։
Նույն թեմայի վերաբերյալ Միշայի պրոդյուսերը՝ Լիրա Քոչարյանը, ասաց, որ ինքը թե՛ Միշային, թե՛ մյուս երգիչներին նախապես տրամադրում է, որ մրցույթը մի շրջան է, որից հետո, անկախ արդյունքից, արտիստները պետք է ավելի ուժեղանան։
«Ցանկացած մրցույթի՝ լինի դա բարձր մակարդակի «Եվրատեսիլը», թե «Ձայն»-ը, ընդամենը հաջորդելու է մի ուրիշ փուլ։ Նրանք էլ արդեն գիտեն, որ կարևորը կանգ չառնելն ու զարգանալն է, պարզ է, որ սրանից հետո կլինեն ուրիշ նախագծեր։ Առաջիկա ամենահստակ ծրագիրը տեսահոլովակի նկարահանումն է, նոր երգ ունենք, համերգներ կան։ Մի քանի օր Միշան կհանգստանա և նորից կսկսի աշխատել, որովհետև շատ գործեր ունենք»,- ասաց պրոդյուսերը՝ հավելելով, որ Միշան աշխատանքից երբեք չի բողոքում։
Անդրադառնալով նախագծին Միշայի մասնակցությանն ու դրա ռիսկային լինել-չլինելու մասին հարցին՝ Լիրա Քոչարյանը նշեց, որ դրսի նախագծերին մասնակցելը զարգացման առումով երգչին միայն օգուտ է բերում, բայց խնդիրն այն է, որ դրանք ծախսատար են:
«Նման նախագծերին մասնակցելը ռիսկային է միայն ֆինանսական ներդրման տեսանկյունից: Օրինակ՝ Միշայի մասնակցությունը «Արցախի ձայներ» խմբի ընդհանուր ֆինանսական բյուջեից էր, որով կարելի էր 2 տեսահոլովակ նկարել կամ նոր գործեր ունենալ Միշայի երգացանկում։ Ամեն դեպքում ես որոշել էի գնալ այս ճանապարհով, ինչի հետևանքով Միշայի համար ծրագրված տեսահոլովակն ու մի քանի այլ գործեր չարվեցին, բայց արդյունքում ունեցանք լայն արձագանք»,- շարունակեց Միշայի պրոդյուսերը:
Նախագծում Միշան բացի մեծ արձագանքից, արժանացավ նաև հանդիսատեսի համակրանք մրցանակին՝ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում «Առաջին ալիքը» նրա մասին պատմող ռեպորտաժ պատրաստեց։ Տեսանյութը համացանցում տարածվեց «փոքրիկ ղարաբաղցի» և «փոքրիկ դիվանագետ» գրառումներով։
Ամբողջությամբ՝ life.tert.am