Հայաստանում բանանի ներկրման շուկան ազատականացել է և ազատվել մենաշնորհից, ինչը համապատասխանում է 2019 թվականի փետրվարի 28-ին հրապարակված՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունավետության վերաբերյալ զեկույցում նշված ցուցանիշներին։
«Փաստերի ստուգման հարթակն» արդեն անդրադարձել է կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունավետության մասին զեկույցում տեղ գտած առանձին ապրանքատեսակների, մասնավորապես՝ շաքարավազի ու դիզելային վառելիքի շուկայում տեղի ունեցած փոփոխություններին և ցույց տվել, որ շաքարավազի շուկայում դրական տեղաշարժը այնքան էլ ակնառու չէ, իսկ դիզելային վառելիքի գծով ունենք առավել կայուն մենաշնորհ, ինչը կառավարության ծրագրին և առավել ևս՝ զեկույցին տրամաբանորեն հակասում է։
Այժմ տեսնենք, թե ինչպես է փոխվել բանանի շուկան և որոնք են այս շուկայում հայտնված նոր խաղացողները։
Այսպես․ 2017 թվականին Հայաստան է ներմուծվել մոտ 12 900 տոննա բանան՝ 38 կազմակերպության կողմից։ Դրանցից խոշորագույնը, թերևս, ԱԺ նախկին պատգամավոր և ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն է՝ մոտ 7300 տոննա ներմուծմամբ, որը կազմում է ընդհանուր ներմուծման 56,5 տոկոսը։ Ընդհանուր առմամբ, 2017 թվականին բանան ներմուծող կազմակերպություններից միայն 8-ը ներմուծել են ընդհանուրի 96 տոկոսը։
2018 թվականին բանանի ներմուծման ծավալներն աճել են 74 տոկոսով՝ 12 900 տոննայից հասնելով 22 400-ի, իսկ ներմուծող կազմակերպությունների թիվը նվազել է։ 2017 թվականին բանան ներմուծած 38 կազմակերպություններից 2018 թ․-ին շուկայում մնացին 12-ը, որոնց ավելացան ևս 14 նոր կազմակերպություն։ Սակայն ի տարբերություն 2017 թվականի, անցած տարի ներմուծող 26 կազմակերպությունից 14-ը շուկայում ունեցան բավականին խոշոր մասնաբաժիններ։
2018 թվականին ամենախոշոր ներմուծողի դերում շարունակեց մնալ «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն՝ 32,2 տոկոս մասնաբաժնով։ Հետաքրքիր է, որ այս ընկերության ներմուծման ծավալները գրեթե չեն փոխվել, և շուկայում մասնաբաժնի նման անկումը պայմանավորված է մյուս ընկերությունների կողմից բանանի ներմուծման ծավալների ահռելի աճով։
Ինչպես նշեցինք, 2018 թվականին բանան ներմուծող 26 կազմակերպություններից 14-ը աչքի են ընկել բավականին ակտիվ գործունեությամբ, ինչի շնորհիվ կարողացել են գրավել շուկայի մեծ մասը։
Ամբողջությամբ՝ fip.am