«Հետաքրքրաշարժ իրավագիտություն»
Advertisement 1000 x 90

«Հետաքրքրաշարժ իրավագիտություն»

Գոռ Հովհաննիսյանի հրապարակումը.

«Գերմանիայի Գերագույն դատարանը 1987 թ․ կայացնում է իր շատ հայտնի որոշումը Dirnenlohn-Fall գործով հետևյալի մասին․

Մի տղամարդ մի մարմնավաճառ կնոջ գումար է խոստանում նրա ծառայությունների դիմաց և ծառայությունից հետո, ինչպես որ հենց սկզբից մտադրվել էր, գումարը չի վճարում։ Եվ բնականաբար դատարանը պիտի պատասխաներ այն հարցին, թե արդյոք տեղի է ունեցել խարդախություն ի վնաս մարմնավաճառ կնոջ։
Դրա համար անհրաժեշտ է, որ տղամարդու խաբեության պատճառով մարմնավաճառ կնոջ մոտ առաջանա գույքի նվազում։ Հետևաբար, հարցն այն էր, թե արդյոք կնոջ կողմից համապատասխան պարտավորություն ստանձնելը կամ ծառայությունը մատուցելը պատկանում է նրա գույքին, որն էլ ծառայությունը մատուցելուց հետո համապատասխան չափով նվազել է։ Դա խնդրահարույց է այն պատճառով, որ հակաբարոյական պայմանագրերն առոչինչ են, ուստի նման պայմանագրերից ծագող պահանջի իրավունքները չեն կարող իրականացվել դատական կարգով։

Դատարանն այդ առնչությամբ ասում է․ «Թեև առանց վավեր պայմանագրի կամ առոչինչ պահանջի իրավունքի հիման վրա մատուցված ծառայությունները նույնպես կարող են պատկանել անձի գույքին, բայց դա չի վերաբերում այն ծառայություններին, որոնք արգելված են օրենքով (օրինակ՝ սպանության պատվերը – Գ․Հ․) կամ ծառայում են հակաբարոյական նպատակների (օրինակ՝ հենց պոռնկությունը – Գ․Հ․), որովհետև այդ ծառայությունները խախտում են բարոյականության սկզբունքները։ Նման դեպքերում քրեական իրավունքը հակասության մեջ կմտներ ընդհանուր իրավակարգի հետ, եթե նա խարդախության հանցակազմի շրջանակում պաշտպանության տակ առներ առոչինչ պահանջները»։ Հետևաբար, մարմնավաճառ կնոջը խաբող տղամարդը չի կատարել ոչ մի խարդախություն և ազատվում է քրեական պատասխանատվությունից։

Միաժամանակ դատարանն ամենայն լրջությամբ շարունակում է, որ եթե մարմնավաճառ կինն է խաբում իր հաճախորդին, այն է՝ ծառայությունը խոստանում է, գումարն ստանում ու անհետանում՝ առանց խոստացած ծառայությունը մատուցելու, ենթակա է պատասխանատվության խարդախության համար:

Բնականաբար Ձեզ մոտ միանգամից հարց է ծագում, թե ինչ տարբերություն։

Պատճառաբանությունը՝ հաճախորդը ՓՈՂ է վճարել, իսկ ՓՈՂԸ, ըստ Գերագույն դատարանի, ՄԻՇՏ քրեորեն պաշտպանվող գույքային արժեք է, ու նաև այն դեպքում, երբ այն վճարվում է ի կատարումն հակաբարոյական գործարքների»։



Նման նյութեր