Այսօր՝ մայիսի 1-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։50-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մարմնական վնասվածքներով 2 քաղաքացի են տեղափոխվել, որոնցից մեկը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։ Ահազանգով հիվանդանոց են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կամո Շառոյանի գլխավորությամբ։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխվածների ինքնությունը իրենք չգիտեն, իսկ վիրավորն էլ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։ Մինչ Շենգավիթի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 31-ամյա Գևորգ Գրիգորյանն էր, իսկ վիրավորը՝ նրա եղբայրը՝ 32-ամյա Գուրգեն Գրիգորյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ոչ մի տեղեկություն չունեին, թե որտեղ է տեղի ունեցել դեպքը և վիրավորները որտեղից են տեղափոխվել հիվանդանոց ու ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կարճ ժամանակում պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյան փողոցում, ու Երևանի ոստիկանապետի կողմից ստեղծված օպերատիվ խումբը տաք հետքերով, կարելի է ասել, 1 ժամվա ընթացքում, հայտնաբերել է կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 32-ամյա Հովհաննես Սարգսյանն է, ով նույնպես մարմնական վնասվածքներ է ստացել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածն ու սպանությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկվածը մանկության ընկերներ են եղել, երկուսն էլ նախկինում եղել են դատապարտված, ու վիճաբանությունը տեղի է ունեցել ոգելից խմիչքի ազդեցության տակ։
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում բաժնի պետի կողմից ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Քասինյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 112 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: