9 ուտեստ, որ պետք է համտեսել Հայաստանում. National Geographic-ի անդրադարձը հայկական խոհանոցին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

9 ուտեստ, որ պետք է համտեսել Հայաստանում. National Geographic-ի անդրադարձը հայկական խոհանոցին

«National Geographic»-ի ռուսական ծառայությունն անդրադարձ է կատարել Հայաստանին՝  ներկայացնելով հայկական խոհանոցի լավագույն ուտեստները:

«Հայկական խոհանոցը միայն խորովածն ու լավաշը չէ, այն նաև քյալան է, գաթան և մեծ թվով ուտեստներ, որոնց մասին դուք երբևէ չեք լսել, եթե չեք եղել Հայաստանում: Ուտեստն այստեղ պատրաստվում է ոչ միայն երևակայությամբ, այլև հոգով և դրանում կարելի է համոզվել՝ լինելով Երևանի ու այլ քաղաքների յուրաքանչյուր ռեստորանում: Պարզապես եկեք և կազմակերպեք գաստրոնոմ շրջագայություն»,- ասված է հոդվածում:

National Geographic-ը ներկայացնում է 9 ուտեստ, որոնք անպայման պետք է համտեսել Հայաստանում:

Հարիսա

Այն  Հայաստանի ազգային ուտեստն է: Համարվում է, որ ցորենից պատրաստված շիլան, որում առկա է հավ, հալած կարագ, օգնել է հայերին գոյատևել սովի տարիներին: Այս ճաշատեսակը պատրաստելը բավական պարզ է, սակայն այն բավական հագեցնող է: Անհրաժեշտ է լինել շատ քաղցած, որ կարողանաս ուտել մի ամբողջ ափսե:

Ժենգյալով հաց

Այն համարվում է արցախյան խոհանոցի այցեքարտը: Իրենից ենթադրում է հաց` լցոնված տարատեսակ կանաչիներով: Ժենգյալով հացը լինում է գարնանային և աշնանային: Տարվա եղանակից է կախված, թե ինչ կանաչեղենից բաղկացած կլինի հացի միջուկը:

Գաթա

Սա հայկական ավանդական աղանդեր է՝ կլոր գաթա` նրբահամ վանիլային համով: Բաղադրատոմսի կոնկրետ չափանիշ գոյություն չունի: Հայաստանի տարբեր տարածքներում գաթայի բաղադրությունն ու համը խիստ տարբերվում են միմյանցից: Գաթան պարտադիր ուտեստ է հայկական ամանորյա սեղանին:

Ղափամա

Ղափաման պարզապես ուտեստ չէ, այն հրաշալի համ ունի ու շատ գեղեցիկ է: Մատուցվում է դդմի մեջ: Թեև դդումը կախարդանքով կառքի չի վերածվում, սակայն հյուրերը, միևնույն է, վերցնում են իրենց հեռախոսներն ու սկսում լուսանկարել այն: Ավանդույթի համաձայն Ղափան մատուցվել է հարսանեկան արարողությունների ժամանակ` որպես առատության նշան:

Տոլմա

Հայաստանում տոլման պատրաստվում է մսից, որը փաթաթվում է կաղամբի կամ խաղողի տերևների մեջ: Այս ավանդական ճաշատեսակի համար նախընտրելի է տավարի միսը, բրինձը, սոխը, կանաչին և սև պղպեղը: Այն մատուցում են մածունով:

Քյալա

Պատկերացրեք այսպիսի պատկեր. հայկական սեղան, դուք հաճույքով ուտում եք սուջուխ, և բաստուրմա, խորոված ու հանկարծ ներս են բերում  ցուլի եփված գլուխ: Այն հենց քյալան է: Սա աղքատների ուտեստն էր, որը Գյումրի քաղաքում դարձել է գաստրոնոմիկ հիթ: Բաղադրության մեջ է մտնում ամեն ինչ` լեզուն, ուղեղը, նույնիսկ` աչքերը: Հիշեք, որ ուտեստը պետք է նախօրոք պատվիրել, որովհետև գլուխը եփվում է մոտ 8 ժամ:

Բաստուրմայով ձվածեղ

Այնպես չէ, որ այս ուտեստը Հայաստանի գաստրոնոմիկ հպարտությունն է եղել, սակայն այն լիովին կարող է շահել բոլոր նրանց սրտերը, ում համար ամենակարևոր սնունդը նախաճաշն է:

Խաշ                                                             

Սա հայկական ամենահայտնի ապուրն է` յուղոտ և սննդարար: Այն պատրաստվում է տավարի ոտքերից և փորոտիքից, մատուցում են սխտորի հսկայական չափաբաժնով:  Նշվում է, որ խաշը մի շարք առողջական խնդիրներ է կարգավորում:

Ավելուկով ապուր

Այն, իհարկե, այդքան էլ հագեցնող չէ, սակայն մեծ ճանաչում ունի: Ավելուկի մեջ ավելացվում է ոսպ, բլղուր, կարտոֆիլ, համեմունքներ: Ապուրը մատուցվում է թարմ լավաշով: