«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի «Մենք ձեզ հետ ենք» մարդասիրական նախաձեռնությանը միացել են «Ֆուլ հաուս» նախագծի տնօրեն Հռիփսիմե Բասենցյանը, դերասաններ Մարջան Ավետիսյանը, Գոռ Հակոբյանը, Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը։ Խաղալիքներն ու մյուս նվերները կհանձնվեն Հալեպի երեխաներին։
Այս մասին հայտնեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը:
Հայ մասնագետները փետրվարից Սիրիայում հումանիտար առաքելություն են իրականացնում: Ականազերծողներն ու բժիշկներն իրենց մասնագիտական գործունեությունը ծավալելուց բացի նաև ազատ շփվում են Հալեպի բնակիչների և հալեպահայերի հետ: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնն» այնտեղից պարբերաբար լուսանկարներ է ստանում, որոնցից մի քանիսում հայ մասնագետների կողքին սիրիացի երեխաներն են: Այդ լուսանկարներն էլ հիմք են դարձել՝ կյանքի կոչելու «Մենք ձեզ հետ ենք» նախաձեռնությունը:
Հումանիտար ակցիային արդեն միացել են Ազգային ժողովի պատգամավորներ Վահագն Թևոսյանը, Նազելի Բաղդասարյանը, Արմեն Փամբուխչյանը, Սարիկ Մինասյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանն ընտանիքի հետ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, դերասաններ Բաբկեն Չոբանյանը, Գևորգ Չուլյանը, երգիչ Արամեն, Արամ MP3, երգչուհի Լիդուշիկը, հաղորդավար Էդգար Բաղդասարյանը, քաղաքացիներ Արթուր Գալստյանը, Կարինե Պետրոսյանը, Երևանի 166, 167, 162, 150 դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները, ինչպես նաև «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի ներկայացուցիչները: Ընդհանուր առմամբ, տարբեր տարիքի հարյուրավոր երեխաներ նվերներ կստանան: