Այսօր՝ մայիսի 3-ին՝ լուսաբացին, Երևանի Նաիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 38-ամյա Գարեգին Նալբանդյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել երեկ՝ մայիսի 2-ին, Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան փողոցների խաչմերուկում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց Արցախի Հանրապետության բնակիչ, Երևան քաղաքի Բրյուսովի փողոցում բնակվող, 25-ամյա Իլոնա Դանիելյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելուց հետո:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Նալբանդյանը աշխատում էր Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի վարչութունում՝ որպես բաժնի պետ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 2-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Իլոնա Դանիելյանը իր վարած Nissan Tiida մակնիշի 35 NM 101 համարանիշի ավտոմեքենայով Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան փողոցների խաչմերուկում՝ Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց, վրաերթի էր ենթարկել հետիոտնին։ Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոն, ով գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, որից հետո վարորդն ահազանգել էր Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Դեպքի վայր էին ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչներ Սամվել Կոստանդյանն ու Կարեն Մկրտչյանը։ Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդի ինքնազգացողությունը դեպքի վայրում վատացել էր, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում օգնություն էր ցուցաբերել վարորդին, որից հետո տեղափոխել հիվանդանոց։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: