ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինձ համար, այո’, կենդանուն դաժանաբար սպանածի, խոշտանգածի և պոտենցիալ մարդասպանի միջև շատ մեծ տարբերություն չկա: Երեկ կառավարությունը քննարկեց իմ և իմ գործընկերների նեկայացրած նախագիծը, որով մենք առաջարկում ենք կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է կենդանու ոչնացմանը կամ խեղմանը, կենդանիներին խոշտանգելը` քրեականացնել և որպես պատիժ սահմանել նվազագույն աշխատավարձի մինչև երեքհարյուրպատիկը, կալանք` մեկից երեք ամիս ժամկետով և կամ ազատազրկում` մինչև մեկ տարի ժամկետով:
Մինչև հիմա կենդանիների հանդեպ դաժան, անմարդկային վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումներ մասին» օրենքով նման անձինք ընդամենը ենթարկվել են ծիծաղելի տուգանքների: Երեկ, սակայն, ինձ համար հասկանալի չէր նախագծի քննարկման ժամանակ կառավարության որոշ անդամների անհասկանալի պահվածքը և խիստ բարձր տրամադրությունը, երբ պատմում էին, օրինակ, կատվին վզից բռնելու և թափ տալու մասին պատմություններ:
Ես չեմ ասում` կատվին վզից բռնող երեխային էլ դատենք, բայց ես կարող եմ ասել, որ մենք այնպես պետք է մեր երեխաներին դաստիարակենք, որ կատվի վզից չբռնեն ու թափ չտան: Եվ մեկ էլ մի դիտարկում` վարչապետը մտահոգություն հայտնեց, որ այս նախագծի ընդունման դեպքում եթե մեկը որոշել է գառ մորթել ու մատաղ անել, պիտի գնա նստի՞: Ոչ, իհարկե, ոչ: Եվ այդ տարընթերցումները բացառելու համար մենք օրենքում ամրագրել ենք` «հատուկ խուլիգանական դրդումներով» կատարված կենդանու սպանություն, խեղում և խոշտանգում: Ես չեմ կարծում, որ մեր երկրում մատաղ անում և գառ են մորթում «հատուկ խուլիգանական դրդումներով»։
Ինչևէ, կառավարությունը դրական եզրակացություն է տվել մեր նախագծին, անելով որոշ առաջարկներ, որոնք որպես օրենքի հեղինակներ՝ մենք պատրաստ ենք քննարկել: Հույս ունեմ, որ հնարավորինս արագ խորհրդարանը կընդունի օրենքը և «հավեսի համար» կենդանի սպանողը, ծանակողն ու խոշտանգողը բերդում իր արարքի մասին մտածելու բավարար ժամանակ կունենա»: