Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանում չեն կարող ձևավորվել արհեստական մենաշնորհներ. շարժական սրճարանների միության նախագահ Արեն Մելիքյանն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ իրենք տեղեկություններ ունեն, որ գործարանային մեքենաներ են արտադրվում՝ հատուկ որպես շրջիկ սրճարաններ օգտագործելու համար, և կասկածում են, որ իրենց դուրս մղելով՝ փորձում են դաշտն ազատել, որպեսզի ստեղծվի նոր մենաշնորհ, իսկ թե կոնկրետ ով է մոնոպոլիստը, Մելիքյանը չի ասում։ Մելիքյանի ասածը բացարձակ սուտ է և չի կարող ճիշտ լինել, քանի որ ողջ գործընթացը թափանցիկ է՝ բոլորի աչքի առաջ։ Տնտեսվարողները քննարկել են հարցն ավագանու անդամների հետ, որոնք, ի դեպ, օրենսդրական կարգավորումներից հետո սահմանելու են շրջիկ առևտրի կարգը և վայրերը։ Բացի դրանից, հեղափոխությունից հետո ակնհայտ է, որ Հայաստանում չեն կարող ձևավորվել արհեստական մենաշնորհներ։ Այնպես որ, խորհուրդ կտամ Շարժական սրճարանների միությանը գալ ընդհանուր քննարկումների դաշտ և սուտ տեղեկություններ չտարածել»։