Թուրքիայում ցուցադրված «ադրբեջանական ավիառումբը» չի փորձարկվել և զանգվածային արտադրության չի դրվել
Advertisement 1000 x 90

Թուրքիայում ցուցադրված «ադրբեջանական ավիառումբը» չի փորձարկվել և զանգվածային արտադրության չի դրվել

Ստամբուլում անցկացվող IDEF-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ցուցադրվել է QFAB-250 LG բեկորաֆուգասային ավիառումբի առանց մարտական լիցքի նախատիպը, որը ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների կողմից ներկայացվում է որպես «առաջին անգամ ցուցադրվող ադրբեջանական արտադրության ավիառումբ»:

Կարևոր է ընդգծել, որ ադրբեջանական կայքերում նշված ավիառումբի մասին տեղեկությունը կիսատ է ներկայացված: Ըստ այդմ հարկ ենք համարում որոշ լրացուցիչ տեղեկություններ և դիտարկումներ ներկայացնել, ինչը թույլ ընթերցողին թույլ կտա լիարժեք պատկերացում ունենալ թեմայի վերաբերյալ:

Հատկանշական է, որ վերոնշյալ որոշ լրատվամիջոցներում շեշտադրում է կատարվում այն հանգամանքի վրա, որ խնդրո առարկա նախատիպը «ադրբեջանական արտադրության ավիառումբ է», սակայն, իրականում հիմնական փոփոխությունը՝ ռումբը կառավարելի դարձնելը, կատարել է թուրքական ընկերությունը: Ըստ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության կայքի՝ թուրքական «Ասելսան» ընկերության լազերային ուղղորդող համակարգի տեղադրման արդյունքում համատեղ ստեղծվել է 3 նախատիպ, որոնց փորձարկումները դեռևս չեն սկսվել և որևէ տեղեկություն չկա զանգվածային արտադրության դնելու վերաբերյալ:

Տվյալ նախատիպը ամենևին էլ առաջին անգամ չի ցուցադրվում. այն ցուցադրվել է նաև 2018թ. Բաքվում՝ ADEX-2018 ցուցահանդեսի ժամանակ: Առկա են սույն ավիառումբի այլ տարբերակներ ևս, որոնք ցուցադրվել են առնվազն սկսված 2014թ.-ից, սակայն ըստ բաց աղբյուրների ուսումնասիրության՝ դրանք նույնպես դեռևս նախատիպի փուլում են, փորձարկումներ չեն անցել և զանգվածային արտադրության չեն դրվել:

Ադրբեջանական կայքերում նաև նշված է, որ «ավիառումբը թիրախները կարող է խոցել 12000 մետրից», ինչը որոշ կայքերում ներկայացվել է «ավիառումբերը, կախված անկման բարձրությունից, կարող են խոցել մինչև 12000 մ շառավղում գտնվող թիրախները» ձևակերպմամբ: Սա ևս կարող է որոշակի շփոթություն առաջացնել՝ հաշվի առնելով «խոցել» և «շառավիղ» բառերի համատեղ կիրառման արդյունքում հնարավոր իմաստային շփոթը «խոցման հեռահարության» և «խոցման շառավղի» միջև, ինչպես նաև 12 կմ-ի փոխարեն 12000 մետր գրելու հոգեբանական ազդեցությունը:

Այսպիսով՝ ըստ ադրբեջանական կողմի տվյալների՝ ավիառումբի խոցման հեռահարությունը 12 կմ է: Բացի այդ, սեպտեմբերին ադրբեջանական կայքերը հայտնել էին, որ ռումբի խոցման շառավիղը 10 մ է: Հարկ է նշել, որ ռումբի խորհրդային/ռուսաստանյան տարբերակի խոցման շառավիղը 30 մ է, իսկ բեկորների խոցման շառավիղը՝ շուրջ 150 մ:

Որպես ամփոփում անհրաժեշտություն ենք համարում նշել, որ, մասնավորապես ադրբեջանական լրատվամիջոցներին հղում տալիս օգտակար է առավել մանրամասն ուսումնասիրել թեմայի մանրամասները և նախապատմությունը՝ հաշվի առնելով ադրբեջանական լրատվամիջոցների առնվազն մի մասի կողմից նյութերի կիսատ ներկայացման միջոցով քարոզչական ազդեցություն գործելու քաղաքականությունը:



Նման նյութեր