Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով ներկա իրավական աղմկահարույց գործընթացները` փաստաբան Երվանդ Վարոսյանը որոշակի մտահոգություններ է հայտնել` կոնկրետ դատավորների վրա հասարակության մի հատվածի, այդ թվում նաև «ֆեյք» օգտատերերի հարձակումների հետ կապված։
Այդ ամենը, ըստ փաստաբանի, պետք է հնարավորինս արագ կարգավորվի, այլապես որևէ մեկը դրանից օգուտ չի քաղի։
«Ինքնին բնական է, որ մեղադրանքի և պաշտպանության կողմերը պետք է հակադիր դիրքորոշումներ ունենան, իհարկե, այստեղ խիստ կարևոր է անմեղության կանխավարկածի պահպանումը»,-ասում է Վարոսյանը։
Փաստաբանը բարձրացնում է նաև անմեղության կանխավարկածի հարցով դատարաններին դիմելու և ընդհանրապես դատարանների վստահելիության հարցը։
«Եթե մենք չունենք այն օղակը, որին բոլոր կողմերը պետք է վստահեն, ապա պետք է բարեփոխվեն նաև դատարանները»,- նշում է փաստաբան Վարոսյանը։
Ինչ վերաբերում է փաստաբանի ինստիտուտին, ապա Վարոսյանն այստեղ ևս փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում։
«Փաստաբանության ինստիտուտը Հայաստանում լուրջ ռեֆորմի կարիք ունի, և այդ խնդիրը նոր չէ ծառացել կառույցի առջև»,-կարծում է Վարոսյանը։
Ըստ նրա` ստեղծված իրավիճակում առկա կարգավորումն իրենով խոչընդոտում է ինստիտուտի զարգացմանը։