««Գնումների մասին» ՀՀ օրենքը չի համապատասխանում ոչ տեղեկատվության ազատության ձևավորված դրական պրակտիկային, ոչ էլ տեղեկատվության ազատության օրենքի տրամաբանությանն ու կարգավորումներին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։
Բանն այն է, որ «Գնումների մասին» օրենքով արգելվում է տեղեկություն տրամադրել ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի ծախսերի վերաբերյալ, ինչը, ըստ Շուշան Դոյդոյանի, հնարավորություն է տալիս մի ամբողջ սեկտորի կարևորագույն գնումներ գաղտնի պահել հանրությունից. «Օրենքն ընդունվել է նախորդ իշխանությունների օրոք, նրանք ունեցել են դրա կարիքը, իսկ հիմա պետք է հիմնավորել, թե որքանով է նպատակահարմար գաղտնի պահելը, ես գտնում եմ, որ նպատակահարմար չէ»։
Դոյդոյանը հիշում է՝ դեռ նախորդ իշխանությունների օրոք՝ 2018 թվականի սկզբին, հարցում են արել վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատակազմ՝ 2017 թվականի Ամանորին լրագրողների համար նախատեսված հյուրասիրության ծախսերի վերաբերյալ, և հիշյալ օրենքին հղում տալով՝ իրենց ասել են, որ դա պետական գաղտնիք է. «Սա հնարավորություն է տալիս բյուջեի ցանկացած ծախս գաղտնագրել և թաքցնել հանրային վերահսկողությունից, իսկ այնտեղ, որտեղ չկա հանրային վերահսկողություն, հնարավորություն է ստեղծվում կոռուպցիոն ռիսկերի զարգացման համար, մինչդեռ հանրային վերահսկողության միջոցով կարելի է վերահսկել կամ բացառել կոռուպցիոն ռիսկերը»,- ասում է Դոյդոյանը։
Նա չի կիսում այն տեսակետը, ըստ որի՝ նմանատիպ հարցերով տեղեկատվության տրամադրումը կարող է սպառնալ ազգային անվտանգությանը. «Ես կարծում եմ, որ օրենքի վերանայման անհրաժեշտություն կա, թող այն ուժը կորցրած ճանաչվի, փոփոխություններ կատարվեն, որ գոնե տարբերակում մտցվի. այն հարցերը, որոնք վերաբերում են ազգային անվտանգությանը, պետական շահերի պահպանությանը, գաղտագրվեն, բայց այն հարցերը, որոնք վերաբերում են հյուրասիրություններին, նվերների գնմանը, այսինքն՝ այն ամենին, ինչը հանրային հետաքրքրության շրջանակում է և կարող է չարաշահման վտանգ պարունակել, գաղտնիք չհամարվեն։ Սա վերաբերում է թե Ազգային ժողովին, թե Կառավարությանը և թե Նախագահի աշխատակազմին»։