Էկոտուրիզմ, փեյնթբոլ, ջիպ տուրեր, մրցույթներ, երգ ու պար. Արցախը հրավիրում է ժենգյալով հացի փառատոնի
Advertisement 1000 x 90

Էկոտուրիզմ, փեյնթբոլ, ջիպ տուրեր, մրցույթներ, երգ ու պար. Արցախը հրավիրում է ժենգյալով հացի փառատոնի

Արցախի Հանրապետության Հաթերք գյուղում երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է Ժենգյալով հացի փառատոնը, որն իր շուրջ է հավաքում տարբեր երկրների զբոսաշրջիկների:

Այդ օրը կթխվի աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը՝ ավելի քան 3 մետր երկարությամբ, որը հավակնում է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում (անցյալ տարի այն գրանցվել է Դյուցազնագրքում):

«Մաքսիմալ թվով այցելուներ ներգրավելու համար՝ նախատեսում ենք աննախադեպ գրավիչ առաջարկներ անել: Օրինակ՝ այն տրանսպորտը, որով կտեղափոխենք հյուրերին, արժեքի մի մասը կփոխհատուցվի հովանավորների կողմից և գները կլինեն բավականին մատչելի»,- ասաց Ժենգյալով հացի փառատոնի կազմակերպիչ Սամվել Միրզախանյանը:

Փառատոնը կազմակերպվում է «Էկոտուրիզմ Արցախում» նախաձեռնող խմբի կողմից, Արցախի Հանրապետության Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ու Մարտակերտի շրջանի վարչակազմի աջակցությամբ:

«Մենք նպատակ ունենք նպաստել Արցախում էկոտուրիզմի զարգացմանը, ապահովել զբոսաշրջիկների մեծ հոսք, մեծացնել համայնքի ճանաչելիությունը և օգտագործելով էկոտուրիստական պոտենցիալը՝ համայնքը տանել համաչափ զարգացման ճանապարհով: Փառատոնի շրջանակներում նախատեսում ենք կազմակերպել ժամանցային և մշակութային մի շարք միջոցառումներ: Հաթերքի բարձրավանդակներից մեկում կազմակերպվելու են արկածային ժամանցային միջոցառումներ՝ փեյնթբոլ, ջիպ տուրեր, ինչպես նաև ողջ Արցախում տեսարժան վայրերի այցելություններ»,- նշեց փառատոնի կազմակերպիչը:

Միջոցառումը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ, հրավիրված են տարբեր երգիչներ ՀՀ-ից, Ստեփանակերտից, Մարտակերտի շրջանից:

«Լինելու է ավելի քան 100 տաղավար, որոնցից մոտ 90-ում կթխվի ժենգյալով հաց: Այցելուները հնարավորություն կունենան հետևել ժենգյալով հացի պատրաստման ողջ ընթացքին: Տեղում պատրաստվելու են նաև ազգային այլ ուտեստներ՝ կորկոտ, խաշիլ, խաշլամա, խորոված, քյաբաբ, կլինեն նաև տեղական արտադրության պահածոներ, թթի օղի և այլն»,- շեշտեց Միրզախանյանը և հավելեց, որ փառատոնի մասնակիցներն իրենց աշխատած գումարների մի մասը հնարավորություն կունենան ուղղել Մարտակերտի Մշակույթի տան վերանորոգմանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե ինչ թվով հյուրեր են սպասում և հատկապես որ երկրներից՝ Միրզախանյանը պատասխանեց, որ նախատեսում են ընդունել 12-15 հազար այցելուի՝ և Հայաստանից, և եվրոպական տարբեր երկրներից:

«Անցյալ տարի մեր միջոցառման մասշտաբներն ավելի փոքր էին, կար մոտ 3500 այցելու, տաղավարներն ընդամենը 15-ն էին: Այս տարի դրանք կլինեն ավելի քան 100-ը: Նախատեսում ենք, որ ներկա կլինի Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ինչպես նաև ակնկալվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությունը»,- ասաց փառատոնի կազմակերպիչը և հավելեց, որ հիմնականում զբոսաշրջիկները կլինեն Ռուսաստանից, Չեխիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Կանադայից:

Նա նաև շեշտեց, որ հրավիրված են տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախարարներ:

Փառատոնի բացումը տեղի է ունենալու մայիսի 11-ին՝ ժամը 12:00-ին: Հյուրերի ժամանումը սկսվելու է առավոտյան ժամը 10:00-ից: