Հայաստանում մոդելինգը ոչ թե մասնագիտություն է, այլ հաճելի զբաղմունք։ Նման կարծիքի են «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանն ու «Միսս Հայուհի 2018» Արենա Զեյնալյանը։ Տիտղոսակիր մոդելներն այնքան էլ գոհ չեն եղած առաջարկներից, բայց ասում են, որ այս գործն անում են սիրով՝ փորձելով ուժերը փորձել միջազգային ասպարեզում։ Tert.am Life-ը Լիլիի և Արենայի հետ զրուցել է ոլորտի, մոդելօինգի միջոցով գումար վաստակելու և առաջիկա ծրագրերի մասին։
Լիլի Սարգսյան. «Մոդելինգի միջոցով ես գումար չեմ աշխատում»
«Միսս Հայաստան 2017»-ի տիտղոսակիր Լիլի Սարգսյանը վերջին շրջանում իր պասիվությունը կապում է ոչ թե ուղղակի առաջարկների, այլ համապատասխան ու հետաքրքիր առաջարկների բացակայության հետ։
«Նկարահանումների առաջարկներն օրեցօր ավելանում են, բայց դրանք այն առաջարկները չեն, որոնք պետք է լինեին ինձ` որպես «Միսս Արմենիա» տիտղոսակրի։ Դա է պատճառը, որ վերջին շրջանում բավականին քիչ եմ երևում ասպարեզում։ Որքան էլ նկարահանումների առաջարկները շատ լինեն, մոդելինգը մեր երկրում դեռ չեմ կարող մասնագիտություն համարել։ Ինքս մոդելինգի միջոցով ես գումար չեմ աշխատում։ Հաճախ անվճար եմ մասնակցում նկարահանումների՝ դրանք դիտարկելով որպես փորձ, ի տարբերություն մյուս երկրների` մոդելինգը մեզ մոտ բիզնես չէ»,– ասաց Լիլին։
Նրա խոսքով` այնուամենայնիվ, ոլորտը վերջին մի քանի տարիներին առաջընթաց է ապրել, ինչը, ըստ մոդելի, կապված է ինչպես նորաձևության տարածման, այնպես էլ գեղեցկության մրցույթների անցկացման հետ. «Իսկապես նկատում եմ նորաձևության և որոշ չափով մոդելինգի առաջընթացը։ Ի միջի այլոց, այդ ամենի առաջխաղացման վրա մեծ ազդեցություն ունեն նաև գեղեցկության մրցույթները, որոնք տարիների դադարից հետո վերսկսվել են։ Մեկի փոխարեն այսօր մի քանի այդպիսի մրցույթ կա, այս պարագայում մոդելինգը չէր կարող չզարգանալ, որովհետև շատ աղջիկներ են իրենց ուժերը փորձելու հնարավորություն ստանում»։
Քանի որ մոդելինգը դեռ աշխատանք չէ, գեղեցկության ոլորտի տիտղոսակիր աղջիկները պետք է ձեռք բերեն նաև այլ մասնագիտություն։ Լիլիի դեպքում դա դիզայների աշխատանքն րէ, որին շուտով ավելանալու է նաև իրավաբանական կրթությունը։
«Վերջին շրջանում հաճախ են ասում, որ կարող եմ ձեռք բերել նաև իրավաբանի մասնագիտություն։ Շատ եմ մտածում այդ մասին և, կարծում եմ, կրթությունս այդ ուղղությամբ եմ շարունակելու»,– նշեց նա։
Ամբողջությամբ՝ life.tert.am