«Փաստում եմ, որ «Գարդասիլ-4» պատվաստանյութի օգտագործման ժամկետներն ավարտվում են, իսկ պահուստում մնացել է շուրջ 25 000 սրվակ. ՀՀ քաղաքացին կարող է տեղյակ չլինել այս փաստից, քանզի այն չի հրապարակվել»
Advertisement 1000 x 90

«Փաստում եմ, որ «Գարդասիլ-4» պատվաստանյութի օգտագործման ժամկետներն ավարտվում են, իսկ պահուստում մնացել է շուրջ 25 000 սրվակ. ՀՀ քաղաքացին կարող է տեղյակ չլինել այս փաստից, քանզի այն չի հրապարակվել»

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեկ անգամ չէ, որ անդրադարձել եմ media.am կայքին, բայց խոստանում եմ, որ սա կլինի վերջինը, քանզի ժամանակը շատ թանկ է, իսկ իրողություններն այնքան արագ են զարգանում, որ անթույլատրելի է կենտրոնանալ ամեն մի մանրուքի վրա։

Եվ այսպես,

Այս կայքը պարբերաբար անդրադարձ է կատարում պատվաստումների թեմային, ներկայացնում ոչ մասնագիտական կարծիք, խեղաթյուրում է իրականությունը, ներկայացնում է միակողմանի տեղեկատվություն և փորձում է ճնշում գործադրել մի հանրության վրա, որը երբևէ որևէ ճնշումից չի կորացել։

Եվս մեկ անգամ պարտավորվում եմ հիշեցնել, որ այս կայքի գործունեության համար պարբերաբար ստացվել են դրամաշնորհներ Սորոսի հիմնադրամից, ինչի մասին վկայում են ստորև ներկայացվող փաստերը։

Վերջին հրապարակումը վերաբերվում է վերջերս մեծ աղմուկ հանած վարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ ուղղված պատվաստանյութերի քննարկմանը։ Անհիմն քննադատման թիրախ է հանդիսացել պարզապես փաստեր արձանագրող տեսանյութը և դրա հեղինակը։ Քննարկվել են նաև իմ խոսքերը, ինչը հույս է տալիս, որ նաև այդ խմբի մարդիկ լսում են խիստ կարևոր և ճիշտ տեղեկատվություն. մնում է միայն` կարողանան այն անալիզի ենթարկել և հետևություններ անեն։
https://media.am/karine-ghazaryan

Մասնավորապես, հրապարակման մեջ նշվում է, որ

• «չստուգված ենթադրությունը սուտ դուրս եկավ»։

Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր արձագանքում են հանրապետությունում տեղի ունեցող պատվաստումային գործընթացներին։ Հավելեմ, որ կոնկրետ «Գարդասիլ-4» պատվաստանյութի հետ կապված մութ խոռոչները բազմաթիվ են, և մեր հայրենակիցների զգոնությունը խիստ անհրաժեշտ է։ Կեցցե՛ք։

• Նախքան հանրային բարձրաձայնումները և անհանգստությունները կուրորեն քննադատելը, հավանաբար ավելի արդյունավետ կլիներ կատարել ձեր լրագրողական պարտականությունը և երկկողմանի լուսաբանել իրավիճակը, ինչն ի դեպ կատարվել է ձեր կողմից քննադատվող լրատվամիջոցի կողմից։

• Սա մեծ տերությունների կեղտոտ խաղն է, – մեջբերում եք դուք։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության և իր կարծիքը պնդելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվել իր կարծիքից կամ փոխել այն (Հոդված 24)։
Դուք նշում եք, որ պարոն Աղաջանյանը տոնում է հեթանոսական Աստված Միհրի տոնը։ Անկեղծ ասած, ես ինձ թույլ չեմ տալիս հետաքրքրվել պարոն Աղաջանյանի անձնական կյանքով և լիարժեք չեմ տիրապետում կրոնական ոլորտի նրբություններից, բայց ձեզ ներկայացնում եմ ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածը, համաձայն որի «Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք: Կրոնի և համոզմունքների արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` Սահմանադրության 45 հոդվածում նախատեսված հիմքերով»:
Ստացվում է, որ դուք, որպես լրատվական միջոց, ոչ միայն չեք հարգում ՀՀ քաղաքացուն, այլև ոտնահարում, քննադատում և պարսավանքի եք ենթարկում մարդու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները։

Ես ուրախ եմ, որ մեր հանրապետությունում կան մարդիկ, ովքեր այդպես սրտացավորեն են վերաբերվում մեր երեխաների առողջությանը, կյանքին ու ապագային։ Պարոն Աղաջանյանի տեղում ես ինքս էլ կահազանգեի, եթե իմ աշակերտները կամ ուսանողներն ինձ ասեին, որ իրենց կանչել են պատվաստման։
Այստեղ տարօրինակն այն է, որ օրինակ 5-րդ ալիքն արձագանքել է այդ ահազանգին, իսկ ձեր լրատվամիջոցը`ոչ։

• Այն, որ աշակերտները ստել էին իրենց ուսուցչին, խոսում է այն մասին, որ այդ դպրոցի տնօրինությունը և ուսուցչական կազմը վատ է աշխատում և երեխաներին չի սովորեցնում ստելու անթույլատրելիության և դրա հետևանքների մասին։ Ես դատապարտում եմ այդ դպրոցի ղեկավարության նմանատիպ անտարբեր վերաբերմունքը մեր երեխաների դաստիարակության հարցում և կասկածներ եմ հայտնում նրանց մասնագիտական որակների և սրտացավության վերաբերյալ։ Խոստանում եմ ուսումնասիրել նշածս դրույթի իսկությունը և հրապարակել ուսումնասիրության արդյունքները։

• Ստիպողաբար պատվաստումների մասին ձեր ժխտմանը չէի շտապի հավատալ, քանզի կան քաղաքացիների ահազանգեր նաև ՀՀ այլ մարզերից։ Այդ ահազանգերը ճշտվում են, և դրանց հաստատման պարագայում վստահ եմ, որ կտրվեն իրավական գնահատականներ։ Ի դեպ – ոչ ոք մեղավոր չէ, որ քաղաքացիներն ահազանգում են այն մարդկանց ու լրատվամիջոցներին ում ճանաչում ու վստահում են։ Իսկ այդ ցանկում, ինչպես տեսնում ենք, ձեր լրատվամիջոցը չկա։

• Ձեր հրապարակման մեջ իրավացիորեն նշում եք, որ լրագրողը հարց է ուղղել նաև ուսուցիչներին, և լուսաբանում է նաև նրանց կարծիքը։ Ինչպես տեղեկացանք հետագայում, բազմաթիվ են եղել նաև ՀՀ ԱՆ-ից տեղեկատվություն ստանալու փորձերը, որոնք պսակվել են անհաջողությամբ։ Այս պարագայում լրագրողի աշխատանքի քննադատությունը ես մեկնաբանում եմ որպես մասնագիտական նախանձ։

• ՀՀ գիտակից քաղաքացիները հավատում են իրենց ականջներին ու աչքերին։ Մեզ ներկայացվել է հեռախոսազրույց, որտեղ ՀՀ ԱՆ աշխատակիցը «տանում-բերում է» լրագրողին։ Դա պրիմիտիվ հարգանքի բացակայության դրսևորում է և, այսուհետ, սև խարան այդ աշխատակցի ճակատին։ Միայն յուրային լրատվամիջոցների հետ աշխատելն էլ գնահատում եմ թուլության և շատ հարցերին պատասխան չունենալու նշան, որից պետք է ամաչել, այլ ոչ հպարտանալ։

• Այն, որ ՀՀ ԱՆ-ն «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» միջոցառման շրջանակներում հաղորդագրություններ է ուղարկում քաղաքացիներին, գաղտնիք չէ, իսկ փաստը պարզապես լուսաբանվել է։ Կա՞ արդյոք այդտեղ հանցանք, թե՞ փնտրում եք սև կատու մութ սենյակում։ Վստահաբար` երկրորդը։ Խորհուրդ. լույսը միացրե՛ք։

• Մենք բազմիցս համոզվել ենք, որ ՀՀ ԱՆ-ն հաճախ մի բան հայտարարում է, մեկ այլ բան անում։ ՀՀ շատ քաղաքացիներ այլևս չեն վստահում ՀՀ Առողջապահության նախարարությանը, և սա աղետ է։ Նախարարության իրագործած քաղաքականության արդյունքում այսօր շատ ծնողներ չեն վստահում նաև այլ պատվաստումների կիրառման ծրագրերին։ Այս փաստը հիմնազուրկ չէ և շատ վտանգավոր է։ Ես չեմ բացառում, որ ՀՀ ԱՆ որոշ աշխատակիցներ այսպիսի գործելաոճ ընտրել են դիտավորյալ, քաղաքացիների վստահությունը նվազեցնելու, պատվաստումների օրացույցային պլանը տապալելու և հետագա համաճարակներ հրահրելու նպատակով։ Եթե իմ ենթադրությունը հաստատվի, դա կլինի պետական պաշտոնյաների կողմից ցուցաբերած ազգային դավաճանության հերթական դրսևորումը։

• Ես ողջունում եմ ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատելաոճը, արագ արձագանքման կարողնությունն ու ցանկությունը։ Ուրախ եմ, որ Հայաստանում փոքրաթիվ անկախ ու գործունակ պետակա կառույցներին ավելացավ ևս մեկը։

• Փաստում եմ, որ «Գարդասիլ-4» պատվաստանյութի երկու խմբաքանակ է ներմուծվել Հայաստան, որոնց օգտագործման ժամկետներն ավարտվում են 2019 թ-ի հոկտեմբերին և 2020թ-ի ապրիլին։ Նկատենք, որ առաջին խմբաքանակի պիտանելիության ժամկետն ավարտվում է 5 ամսից, իսկ պահուստում մնացել է շուրջ 25 000 սրվակ։ ՀՀ քաղաքացին կարող է տեղյակ չլինել այս փաստից, քանզի այն չի հրապարակվել։ Իսկ շրջանառվող լուրերի բարձրաձայնումն իր մեջ հանցանք չի պարունակում։ Այնպես-որ, ՀՀ քաղաքացիների հետևից ընկնելու «ռեժիմին բնորոշ» ձեր ջանքերը զուր են։

Հիմա անդրադառնում եմ լրատվամիջոցի հրապարակման մեջ ԻՆՁ վերաբերվող փաստերին։ Եվ Այսպես …

• Նեյրովիրաբույժ Խաչատրյանը պնդում է, որ «ԱՆ-ն «Գարդասիլը» անվանում է հակաքաղցկեղային դեղ, ինչը սուտ է․ սա հակավիրուսային դեղ է»։ Մարինա Խաչատրյանի՝ եթերում հնչեցրած պնդումը կեղծ է։
Որպեսզի չծավալվեմ երկար, կից բոլորիդ ուշադրությանն եմ ներկայացնում ՀՀ ԱՆ աշխատակիցների և նրանց համակիրների ֆեյսբուքյան էջերից լուսանկարներ և 2019թ-ի մարտի 25-ի ասուլիսի տեսագրության հղումը, որտեղ նրանք նշում են, որ «հակաքաղցկեղային» տերմինը բառախաղ է։
https://www.youtube.com/watch?v=X9YiLRnesto – Տե՛ս 1:40 րոպեից

Բայց ինչպես բոլորը նկատեցին, անգամ 5-րդ ալիքի եթերի ժամանակ լրագրողը զարմացավ իմ այն պնդման վրա, որ «Գարդասիլ -4» պատվաստանյութը ոչ թե հակաքաղցկեղային, այլ հակավիրուսային պատվաստանյութ է։ Իսկ արդեն նշված «բառախաղի» արդյունքում մանիպուլյացիայի են ենթարկվել շատերը, այդ թվում նաև ինձ հետ հարցազրույց վարող Լարա Առաքելյանը։
Մանիպուլյացիայի գուրուներին հորդորում եմ մանիպուլյացիայի ենթարկել տնեցիներին։ Իսկ հանրային մանիպուլյացիայի և խաբեության ցանկացած փորձ կանխարգելվելու և քննադատվելու է։

• Գրել եք. – Մարինա Խաչատրյանը եթերում կրկնում է «Գարդասիլի» մասին տարածված սպեկուլյացիաները, որոնք նույնն են տարբեր երկրներում։ Դրանք բազմիցս հերքվել են փաստերի ստուգման հեղինակավոր կազմակերպությունների կողմից։
Մարինա Խաչատրյանը միշտ խոսել է և խոսում է փաստերով։ Անհերքելի են ՀՀ ԱՆ կողմից «Գարդասիլ-4» պատվաստանյութի տարիքային շեմի ապօրինի ընդլայնումը և բոլոր այն փաստերը, որոնք ես հիմնավոր կերպով ներկայացրել եմ հաղորդման ժամանակ։
Հորդորում եմ media.am-ին կետ առ կետ մեջբերել իմ պնդումները և ներկայացնել դրանց հերքման փաստերը։

Վստահ եմ, որ նմանատիպ պսևդո-կայքերի գործունեությունը ՀՀ-ում միայն պետք է կասեցվի։

Ես բոյկոտում եմ միակողմանի, պատվիրված մոտեցում ցուցաբերող, արտաքին կասկածելի ֆինանսավորմամբ ձևավորված վերոնշյալ կայքը։

Ես պահանջում եմ, որպեսզի media.am կայքը հրապարակի իր ներկայացրած բազմաթիվ «փաստերի» հերքումը։ Այլապես, մենք ստիպված կլինենք հանդիպել իրավապահ կառույցների ներկայությամբ։

ՁԵՐ ՌԵԺԻՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԻ ԹՈՂՆՈՒՄ»։