Ինը հոգուց բաղկացած տուրիստական խումբը մայիսի 6-ին ձնահյուսի տակ է ընկել Ալթայի Հանրապետության Հարավային Չույի լեռնաշղթայում, երկուսին հաջողվել է փրկվել: Այդ մասին մայիսի 8-ին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:
«Մայիսի 6-ին Հարավային Չույի լեռնաշղթայի շրջանում ձնահյուս է իջել. զոհվել է յոթ մարդ, երկու ողջ մնացածները միայն այսօր են հասել Կոշ Ագաչ գյուղ: Պատահարի մասին ավելի վաղ հայտնել նրանք չեն կարողացել. այնտեղ (լեռներում) կապ չի եղել: Հայտնել են միայն այսօր: Գոռնո Ալթայսկից պատահարի վայր է թռչում փրկարարների ուղղաթիռը՝ որոնողական աշխատանքներ իրականացնելու, ձնահյուսից զբոսաշրջիկներին հանելու համար»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ինը հոգուց բաղկացած խումբն Ալթայ էր ժամանել Նովոսիբիրսկից: