Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նախարարության մի շարք աշխատակիցների հետ ուղիղ եթերում պատվաստվեց մարդու պապիլոմա վիրուսի դեմ: Նախարարը նշեց, որ միջոցառմամբ իրենք ցանկանում են ցույց տալ, որ պատվաստումն անվտանգ է, կարևոր և միտված է պաշտպանելու հիվանդությունից, որն ապագայում հնարավոր է խլի մեր, մեր հարազատների կամ մեր ընտանիքի անդամների կյանքը:
Մինչ պատվաստումը նախարարը և աշխատակիցները ջերմաչափվեցին: «Պատվաստանյութի ջերմային ռեժիմը պահպանված է, և այն աշխարհի լավագույն արտադրողի արտադրությամբ պատվաստանյութն է»,-ասաց Թորոսյանը պատվաստումը ստանալուց առաջ, հիշեցնելով, որ նույն պատվաստումը ստացել է նաև կինը, ինչպես նաև նախարարության աշխատակիցների շատերի 13-ամյա աղջիկները:
Նախարարը ևս մեկ անգամ կարևորելով պատվաստման դերը, ընդգծեց, որ արգանդի պարանոցի քաղցկեղից Հայաստանում մահանում է տարեկան մոտ 120 կին։ «Պատվաստումը ներդնելով մենք ձգտելու ենք հասնել զրոյական ցուցանիշի մոտակա տասը տարիների ընթացքում: Պատվաստումները կյանքեր են փրկում»,-«ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ավարտին ասաց առողջապահության նախարարը:
Գարդասիլը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պապիլոմա վիրուսի կանխարգելմանն ուղղված երկու պատվաստանյութերից մեկն է։ Այն բացառապես անվտանգ է, քանի որ իր բաղադրության մեջ չի պարունակում կենդանի վիրուսներ։ Գարդասիլը ընդունվում է մկանային ներարկման միջոցով։ Դեղամիջոցը առողջապահական շուկայում հասանելի է «Gardasil 9» ապրանքանշային անվանմամբ։