Ի պատասխան լրագրողներից մեկի հարցի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադաձավ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավար Դավիթ Սանասարյանի դեմ քրեական գործին։ Լրագրողը հետաքրքրվեց՝ կա՞ն արդյոք իշխանության ներսում ուժեր կամ թևեր, որոնք թույլ չեն տալիս, որ գործի քննությունն անհրաժեշտ ուղղությամբ ընթանա։
«Ես նմա՞ն եմ մի մարդու, ով, լինելով վարչապետ, այդ իշխանության ներսում կարող են լինել թևեր։ ՀՀ գործադիր իշխանության մեջ չեն կարող թևեր լինել, որովհետև գործադիր իշխանությունը միասնական մարմին է, որը ղեկավարվում է վարչապետի կողմից։
Եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ։ Ոչ թե նրա համար, որ դա իմ քմահաճույքն է, այլ որովհետև այդպես է օրենքը։
Բացառվում է, որ ես երկրում թույլ տամ անկառավարելիություն, քաոս կամ պալատական ինտրիգներ։ Թևերը կտրելուն չի հասնի, որովհետև չեն էլ աճի։ Սաղմնային մակարդակում կչորանան։ Ով այդպիսի գայթակղություն ունի, թող բախտը փորձի»,- ասաց ՀՀ վարչապետը։