Ռոբերտ Անանյա. «Կխնդրեմ՝ այլևս երբեք չկասկածեք մեր հրապարակումների փաստարկվածության և իսկության վրա»
Advertisement 1000 x 90

Ռոբերտ Անանյա. «Կխնդրեմ՝ այլևս երբեք չկասկածեք մեր հրապարակումների փաստարկվածության և իսկության վրա»

Ռոբերտ Անանյանը ֆեյսբուքում գրել է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ մեր պատրաստած ռեպորտաժին։ Որպես նյութի հեղինակ պարտավոր եմ արձագանքել փաստերի խեղաթյուրմանը կամ սխալ մեկնաբանմանը։

Մեջբերեմ վարչապետի խոսքն ամբողջությամբ, հետո կասեմ խեղաթյուրումը ոնց է տեղի ունեցել․ «Ռեպորտաժ են արել, ասում ա՝ բանը, նա ասաց հարցազրույցի մեջ, որ Հանրապետական կուսակցությունը պետք ա կասեցվի, չի կասեցվել, ստորի մեկը․․․ ոնց, խոստումը․․․ Ժողովուրդ ջան, կուսակցության կասեցման մասին որոշումը պետք է կայացնի Սահմանադրական դատարանը, մեր այսօրվա օրենսդրությամբ կուսակցությունը կասեցնելու մասին պետք են որոշակի հիմքեր»,- ասաց վարչապետը։

Ուրեմն, վարչապետի մատնանշած ռեպորտաժում՝ «ՀՀԿ-ի գործունեության արգելումից մինչև ճամպրուկով փողեր Բաղրամյան 26. ի՞նչ էր խոստանում Նիկոլ Փաշինյանը» (https://factor.am/148331.html) հիշեցրել եմ 2018-ի ապրիլի 20-ին երթի ժամանակ վարչապետի արտաբերած հետևյալ միտքը․

«Հանրապետական կուսակցությունը, որպես այդպիսին, պետք է արգելվի Հայաստանում, առնվազն նրա գործունեությունը պետք է գոնե ժամանակավորապես կասեցվի՝ որպես ընտրակաշառքային եղանակով պետական կառավարման իշխանությունը յուրացրած խումբ»: Հետո արձանագրել եմ հետևյալը․ «Փաշինյանի այս հայտարարության և ոչ մի կետ կյանքի չկոչվեց: Ո՛չ ժամանակավոր, ո՛չ էլ մշտապես ՀՀԿ-ի գործունեությունը չդադարեցվեց․․․ Ընտրակաշառքի եղանակով պետական կառավարման իշխանության յուրացման փաստով նախորդ մեկ տարում չհարուցվեց քրեական գործ և ՀՀԿ-ն պատասխանատվության չկանչվեց՝ համապետական ընտրությունները կեղծելու համար»։

Հարգելիներ, ինքներդ դատեք՝ սրանցից ո՞ր պնդումն է հակասում իրականությանը։ Ի՞նչն էր վարչապետի զայրույթը հարուցել, ո՞ր փաստն է սխալ ներկայացվել, աղճատվե՞լ է իր խոսքը, իհարկե՝ ոչ։

Ապրիլի 20-ի երթում ՀՀԿ-ի կասեցման մասին խոսելիս վարչապետը չգիտե՞ր որ իր նշած հիմքով չի կարող կասեցվել կուսակցության գործունեությունը։ Եթե գիտեր՝ ինչո՞ւ էր այդպիսի խոսք արտաբերում։

Բայց սա չէ ամենակարևորը։ Վարչապետը մեր ռեպորտաժին վերագրեց «ստորի մեկը» արտահայտությունը, և տպավորություն եղավ իր խոսքից, թե մեր ռեպորտաժում ենք նման բան ասել։ Ուրեմն՝ ո՛չ իմ և ո՛չ էլ իմ ներկայացրած լրատվամիջոցի բառապաշարում «ստոր» որակում/ գնահատական չի կարող լինել։ Դա դուրս է մեր արժեհամակարգից, մտածողությունից և լրագրողական չափանիշներից, որոնց դավանում ենք։ Մենք օգտագործել ենք զուտ չոր փաստեր՝ հիմնվելով բացառապես վարչապետի խոսքերի վրա։

Կա երկու տարբերակ, կա՛մ հարգելի Նիկոլ Փաշինյանն անձամբ չի դիտել ռեպորտաժը և խեղաթյուրված տարբերակ են հասցրել վարչապետին ու ոչ ճշգրիտ մեկնաբանության առիթ տվել, կամ էլ դիտել է, բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ոչ ճշգրիտ ներկայացնում փաստերը։ Հակված եմ մտածել, որ վարչապետն անձամբ չի դիտել ռեպորտաժը։

Հա, ի դեպ, ասուլիսում փորձեցի արձագանքել վարչապետի խոսքին, բայց նա չուզեց լսել՝ ասելով․ «Ձեր ռեպորտաժն էր հա՞, գլխի չէի ընկել, խնդիր չկա, էլի հարց կտաք»։ Իզուր անցավ նաև խոսք խնդրելու և պարզաբանում տալու և ստանալու փորձերս՝ միկրոֆոնը խստորեն հսկվում էր՝ հերթ էր։

Այսքանը կասեմ, միայն թե կխնդրեմ՝ այլևս երբեք չկասկածեք մեր հրապարակումների փաստարկվածության և իսկության վրա։ Շնորհակալություն ուշադրության համար»։



Նման նյութեր