Նարդի խաղացող, ոստիկանից փախչող Սիրուշո, որն այս անգամ իր տեսահոլովակում ներկայացնում է Երևանի բակային մշակույթը. այսօր Սիրուշոյի համար առավոտը սկսվել է ժամը 5–ին, վաղ առավոտից նա նկարահանման հրապարակում է, իսկ ժամը 14–ին հանդիպում էր նշանակել երկրպագուների հետ։
Tert.am Life–ը ներկա է եղել երգչուհու տեսահոլովակի նկարահանումներին և իր ընթերցողներին է ներկայացնում Սիրուշոյի հետ հարցազրույցն ու տեսահոլովակի բեքսթեյջ լուսանկարները։
Նոր տեսահոլովակի համար Սիրուշոն ընտրել է «Զոմա–զոմա» երգը, որն իր «Արմատ» ալբոմից է։ Հին հայկական երգը նա ներկայացնում է նոր մոտեցմամբ ու գործիքավորմամբ։
«Որոշ ժամանակ է` երգը կա իմ երգացանկում, «Արմատ» ալբոմի հյուրախաղերի շրջանակում աշխարհի տարբեր երկրներում երգել եմ այն։ Այս երգը շատ էինք սիրել, բայց չէինք գտնում այն կարևոր մասնիկը, որը պետք էր նկարահանման համար։ Երկար փնտրտուքներից ու քննարկումներից հետո հասկացանք, որ այն պետք է նկարահանվի հենց այստեղ։ Մինչև այդ եղել ենք տարբեր տարածքներում, բայց երբ հայտնվեցինք Կոնդում, սիրահարվեցինք ու մնացինք այստեղ»,– պատմեց Սիրուշոն։
Չշտապեք կարծել, թե տեսնելու եք ազգային տարազով տեսահոլովակ։ Այստեղ Սիրուշոն ներկայացնում է երևանյան քաղաքային, բակային մշակույթը, նույնիսկ, նարդի է խաղում ու փախչում ոստիկանից։ Այս կերպարները փոքր–ինչ անսովոր են էլեգանտությամբ առանձնացող Սիրուշոյի համար։
«Ինձ համար իսկապես, անսովոր էր, օրինակ, նարդի խաղալը։ Փորձել ենք ընդգծել հայկական կոլորիտն այլ կողմից, մի կողից, որից դեռևս անդրադարձ չի եղել։ Ինչպես միշտ, փորձում եմ ներկայացնել հայկական մշակույթը տարբեր երանգներով ու լուծումներով։ Այս անգամ մանկությունից բոլորիս հիշողություններում մնացած ասոցիացիաներն եմ ներկայացնում»,– ասաց երգչուհին։
Մի քանի օր է` Սիրուշոն իր ստեղծագործական թիմի հետ լինում է Կոնդում և քննարկում տեսահոլովակի նկարահանման մանրամասները։ Ասում է` հասցրել են ծանոթանալ ու շփվել ենք կոնդեցիների հետ։
Երեկ երեկոյան երգչուհին Ինստագրամում արված հրապարակմամբ երկրպագուներին հրավիրեց Կոնդ` մասնակցելու իր տեսահոլովակի նկարահանումներին և հանդիպելու իրեն։ Այս փաստը երկրպագուներից շատերին էր ոգևորել։ Մեծ մասը պատրաստված եկել էին նկարահանվելու սիրելի երգչուհու տեսահոլովակում, իսկ նկարահանվելու համար շատ բան պետք չէր` լավ տրամադրություն ու ակտիվ պար ռիթմիկ երգի ներքո։
Ամբողջությամբ՝ life.tert.am