Նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող երկու մեղադրանքների վերաբերյալ որպես վկա հարցաքննված նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ցուցմունքները ուշագրավ տեղեկատվություն են այն մասին, որ նախաքննական մարմինը մեղադրական եզրակացությունը կազմելիս առաջնորդվել է ըստ ճաշակի՝ որոշ դետալներ թվացող փաստեր դուրս թողնելով: Ընդ որում, դա վերաբերվում է ոչ միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված երկրորդ մեղադրանքին, այսինքն, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն, այլև Մարտի 1-ին նախորդող և հաջորդող իրադարձությունների հետ կապված են հայտնի դառնում որոշ նրբություններ:
ԱՊՀ երկրների գագաթնաժողովից վաղաժամ հետ վերադարձանք»
Վարդան Օսկանյանի վկայությամբ՝ 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքները՝ որում հաղթող էր ճանաչվել այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանը՝ չընդունելով, ինքնառաջադրված թեկնածու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը սկսել էր հանրահավաքներ և ցույցեր անել Ազատության հրապարակում: Գնալով ներքաղաքական իրավիճակը լարվում էր:
«Ընտրություններից 1-2 օր անց մեր պատվիրակությունը մեկնել էր ՌԴ, Մոսկվա քաղաք՝ մասնակցելու ԱՊՀ երկրների գագաթնաժողովին, սակայն, վաղաժամ, փետրվարի 22-ի երեկոյան մեզ հանձնարարվեց պատրաստվել, քանի որ հետ էինք վերադառնում Հայաստան: Թե ինչու՝ Ռ. Քոչարյանն ինձ անձամբ ոչինչ չէր ասել»:
Ըստ էության, Օսկանյանի հայտնած այս փաստը ենթադրել է տալիս, որ Ռ. Քոչարյանին անհապաղ վերադառնալու մասին որոշում էր կայացրել՝ Հայաստանից իրավիճակի ապակայունացման վերաբերյալ տեղեկություններ ստանալու պատճառով:
Օսկանյանի վկայությամբ՝ «մարտի 1-ի առավոտյան, երբ դեռ տնից դուրս չէի եկել, իմացա Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերի մասին: Մտածելով, որ կարող է հարկ լինի օրվա ընթացքում պարզաբանումներ տալ, ուստի որոշեցի մինր նախարարություն գնալս անցնեմ նախագահական նստավայրով: Նախագահականում մտնելով նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ, հարցրեցի, թե վաղ առավոտյան ինչ իրադարձություններ են տեղի ունեցել, Ռ. Քոչարյանն ասաց, թե ինքն էլ նոր է եկել աշխատանքի և դեռ չի տիրապետում և ես նախագահի մոտից դուրս եկա ոչնչով: Անցնելով օպերայի մոտով, տեսա, որ այն շրջափակված է ոստիկաններով: Հետո գնացել եմ աշխատանքի և զբաղվել իմ առօրյա գործերով»:
Ռոբերտ Քոչարյանն առաջարկում էր երկխոսության գնալ, կոալիցիոն կառավարություն կազմել, բայց…
«Նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, երբ դեռ նախարարությունում էի, ինձ է զանգել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը և ասել, որ նախագահն առաջարկում է՝ այսօրվա նախագահականում նախատեսված ասուլիսը ես անցկացնեմ, քանի որ նախատեսվում է նաև օտարերկրյա լրագրողների ներկայությունը»:
Վ. Օսկանյանը դրանից հետո գնացել է նախագահական.,,Հանդիպել եմ ՀՀ նախագահի հետ, որին ներկա է գտնվել նաև Արմեն Գևորգյանը: Այդ ժամանակ Ռ. Քոչարյանի հետ չենք քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, այլ կարճ խոսել ենք մամլո ասուլիսի մասին, որի անհրաժեշտությունն այն էր,որ ողջ օրվա ընթացքում ասուլիս չէր տրվել, հարցերը շատ էին և հարկավոր էր ասուլիս տալ և պարզաբանել իրավիճակը: Հանդիպման ընթացքում ես ասել եմ, որ զուտ ինֆորմացիա փոխանցող չեմ ուզենա լինել և պետք է իր անունից ասուլիսի ընթացքում անեմ քաղաքական հայտարարություն այն մասին, որ նա այլ ուժերի հետ համաձայն է երկխոսության և կոալիցիոն կառավարություն կազմելու. Հստակ միտքը կարող է այս պահին չկարողանամ ձևակերպել, բայց այն կարող եք տեսնել այդ օրվա իմ ասուլիսում, որը տվել եմ նախագահականում: Ռ. Քոչարյանն իմ առաջարկին համաձայնել է:
«Հանդիպման ժամանակ իմացել եմ նաև, որ իրավիճակի սրման դեպքում հնարավոր է, որ մտցվի արտակարգ դրություն, եթե իրավիճակը դուրս գա հսկողությունից: Ամփոփ, շատ կարճ ինֆորմացիա եմ ստացել այն հարցերի շուրջ, որոնք այդ պահին հուզել են հասարակությանը: Հիշում եմ նաև, որ ինձ առաջարկվել էր, որ ասուլիսն անցկացնեմ փոխոստիկանապետի հետ, ով իր հերթին կներկայացնի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները, սակայն ես նման ձևաչափից հրաժարվեցի»:
Ամբողջությամբ՝ pastinfo.am