Հայաստանից ապօրինի արտերկիր տարված ակտիվները վերադարձնելու համար ակտիվ աշխատանքներ են տարվում մի շարք երկրների գործընկերների հետ համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ: Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հարցին:
«Սա իրավական գործընթաց է, որն ունի մասնավոր և ընդհանուր դրսևորում: Մասնավոր դրսևորումն այն է, որ յուրաքանչյուր քրեական գործի շրջանակներում գործի քննության առարկա է հանդիսանում պատճառված վնասը կամ այսպես կոչված հափշտակված գումարների շարժի պարզումը: Եվ երբ պարզվում է, որ որպես մեղադրյալ ներգրավվող կամ կասկածվող անձը համապատասխան հափշտակած գումարների արդյունքում նաև երկրից դուրս անշարժ, շարժական գույք կամ բանկային հաշիվներ ունի, ապա քրեադատավարական պարզ ընթացակարգեր են գործադրվում նախ դրանց շարժը պարզելու, տնօրինումը արգելադրելու, հետագայում վնասները վերականգնելու ուղղությամբ»:
Դավթյանի վստահեցմամբ՝ ներկայում ակտիվորեն իրականացվում են գործընթացն ավելի օպերատիվ, արդյունավետ և արագ դարձնելու քայլեր: Դատախազը կարևորեց ու շեշտեց նաև զուտ միջազգային համագործակցության ակտիվացումը: «Փորձ է արվում և ակտիվ աշխատանքներ են տարվում բոլորիս հայտնի երկրներում, որտեղ կարող են բանկային այդպիսի շարժեր լինել, այդ երկրների մեր գործընկերների հետ համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ»,- ասաց նա:
Դավթյանի խոսքով՝ ունեն արդյունք: Միջազգային համագործակցության արդյունքում պարզել են դրսում գտնվող մեկ քրեական գործի տվյալներով հանցագործության պատճառված վնաս: Եվ այս պահի դրությամբ դեռ արդյունքն այն է, որ հնարավորություն են ունեցել արգելադրել դրա տնօրինումը: