Մենք ձեր կողքին ենք հանուն Հայաստանի ապագայի. Մակրոնը նամակ է գրել Սարգսյանին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մենք ձեր կողքին ենք հանուն Հայաստանի ապագայի. Մակրոնը նամակ է գրել Սարգսյանին. armeniasputnik.am

Ֆրանսիան շարունակելու է Հայաստանի կողքին պայքար մղել հանուն արդարության և ճշմարտության:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այս մասին նշել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, որը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ հայտնելով, որ ինչպես հանձն էր առել, այս տարվանից սկսած ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես նշվում է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

«Դա մեր պարտքն է Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև այն փրկվածների և փախստականների հանդեպ, որոնց Ֆրանսիան գրկաբաց ընդունեց և որոնց ժառանգները կերտեցին մեր երկրի պատմությունը:

Համատեղ ճակատագիր կերտելու հնարավորություն ունենալու համար պետք է կարողանալ շիտակ նայել անցյալին՝ գլուխ խոնարհելով մեռյալների հիշատակի առջև և հարգելով ողջերի հիշողությունը: Դա իմ համոզմունք է, և գիտեմ, որ այն կիսում է նաև Հայաստանը: Մենք ձեր կողքին ենք հիշողության պահին, ձեր կողքին ենք նաև հանուն Հայաստանի ապագայի՝ հիմա, երբ կերտվում է նրա պատմության նոր էջը, որը պետք է լինի խաղաղության և բարգավաճման էջ»,- ասվում է Ֆրանսիայի նախագահի նամակում:

Էմանուել Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան և Հայաստանը ձեռք-ձեռքի տված հպարտ են իրենց բարեկամությամբ և վստահ ապագայի հանդեպ:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրամանագիր էր ստորագրել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակելու մասին։

armeniasputnik.am