Մայիսի 17-ից 18-ը Երևանում կանցկացվի սպորտային պարերի մինչև 21 տարեկանների աշխարհի առաջնություն։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց սպորտի և երիտասարդության նախարարի պարտականություններն իրականացնող Գաբրիել Ղազարյանը:
«Սա շատ արժեքավոր միջոցառում է այդ մարզաձևում։ Ֆեդերացիայի տվյալներով` մասնակցելու է 34 երկիր։ Բայց մեծ ծավալի ներհոսք է սպասվում։ Ավելի քան 1200 մարդ է ժամանելու Հայաստան` պատվիրակությունները, մարզիկները, մարզիչները»,– ասաց Ղազարյանը։
Միջոցառման կազմակերպման համար նա խնդրեց կառավարության պահուստային ֆոնդից 15 մլն դրամ հատկացնել։ Կառավարությունը բավարարեց նախարարի պաշտոնակատարի առաջարկը։
Նշենք, որ այս առաջնության անցկացման իրավունքի ձեռքբերման համար Հայաստանը լուրջ պայքար է մղել Թուրքիայի հետ։ Ընտրությունը կատարվել է երկու երկրների միջև։ Մրցույթին Հայաստանից մասնակցելու են Երևանի ու մարզերի սպորտային ակումբների նախապես հայտավորված մինչև 21 տարեկան մարզիկներն ու մարզուհիները։
Բացի առաջնության անցկացման համար պետական բյուջեից տրամադրված գումարից Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիան հովանավորների և սեփական միջոցների հաշվին կտրամադրի լրացուցիչ 11. 5 մլն դրամ։