ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամը Գյումրիում նոր սոցիալական բնակարաններ կկառուցի: Սա ծրագրի երրորդ փուլն է, որի մեկնարկն ազդարարող հուշագիրը կնքվեց մայիսի 10-ին՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի և ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանի միջև:
Այս փուլով նախատեսվում է կառուցել շենք՝ 18 բնակարանով, որից 14-ը մեկ սենյականոց, 4-ը երկու սենյականոց: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 197 մլն 412 հազար դրամ, որի 15 տոկոսը հատկացվելու է Գյումրու քաղաքապետարանի բյուջեից: Ինչպես նախագծման, այնպես էլ բարեկարգման աշխատանքները կատարվելու են քաղաքապետարանի կողմից: Աշխատանքները կմեկնարկեն անմիջապես և կավարտվեն մինչև տարեվերջ:
«Ինչպես անցած տարի, այս տարի ևս նախատեսում ենք,որ աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ: Շնորհակալություն եմ հայտնում այն բարեգործներին՝ հատկապես Փասադենայի, ովքեր կանգնած են Գյումրի քաղաքի կողքին և ում շնորհիվ արդեն երրորդ անգամ իրականացնում ենք այս ծրագիրը»,-իր խոսքում նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանն էլ իր կողմից նշեց, որ սա բարեգործական կազմակերպության լավագույն հաջողված ծրագրերից է: «Այս ծրագիրը չէր կարող կյանքի կոչվել, եթե չլիներ փոխադարձ վստահությունը քաղաքապետարանի հետ: Ի դեպ, սա ավելի լուրջ ներդրումային ծրագրերի մեկնարկ կարելի է համարել, քանի որ բարերարը պատրաստակամություն է հայտնում ավելի լուրջ ծրագրեր իրականացնելու»,-հավելեց Հրահատ Ստեփանյանը:
ԱՌԴԱ-ի աջակցությամբ Գյումրիում 2017 թվականին շահագործման էր հանձնվել 11 բնակարան ևս 12 բնակարան շահագործման էր հանձնվել 2018 թվականին: