«Հայաստանի Ձայնը» նախագծի 4-րդ եթերաշրջանի հաղթող Հայկ Ղուլյանը շուտով կներկայացնի իր երկրորդ տեսահոլովակը։ Նրա առաջին` «Ամառ է» երգի տեսահոլովակը ժամանակակից ռիթմերով ու տրամադրությամբ էր, այս անգամ Հայկն ընտրել է ստեղծագործություն հայկական երաժշտական արխիվից։ Խոսքը «Զոքանչ» կատակերգի մասին է։
Երգիչը Tert.am Life-ին տրամադրել է տեսահոլովակի բեքսթեյջ լուսանկարներն ու պատմել ոչ միայն այս աշխատանքի, այլև հաջորդիվ սպասվող նորությունների մասին։
«Մի ընթացք, գրեթե, բոլորի երգելու թեման կորած սերն էր, սակայն Ռազմիկ Ամյանի «Չունի աշխարհը քեզ նման» երգի հաջողությունից հետո սկսեցին նմանատիպ երգեր կատարել։ Հիմա արդեն երգում են գտած սիրո մասին,– ասաց նա ու հավելեց,– Նոր տեսահոլովակիս անվանումը հուշում է, որ երգս նվիրված է զոքանչներին։ Այն ինձ հետաքրքրեց, որովհետև թեմատիկ առումով նման չէ ոչ մի ուրիշ երգի։ Համենայն դեպս, վերջին տարիների կտրվածքով ինքս զոքանչներին նվիրված կատարում չեմ լսել»։
Հայկը նկատեց, որ սովորություն ունի լսելու հին ստեղծագործություններ, հատկապես, այնպիսի կատարողների, որոնք աշուղ կամ գուսան չեն եղել, պարզապես երգել են հարսանեկան ուրախ երգեր։
«Այս ստեղծագործությունը Սուրեն Պողոսյան անունով մի երգչի է պատկանել։ Երբ լսեցի, հասկացա, որ թե՛ թեման է լավը, թե՛ երգն է մեղեդային։ Նոր գործիքավորում անելիս էլ փորձել ենք պահպանել իր երևէջները, որովհետև այդպես համ ու հոտը չի կորչում։ Կատակերգ է, որն ունի կոլորիտային տրամադրություն, երբ մարդիկ լսենմ իրենց մոտ էլ նոստալգիկ վիճակ կստեղծվի,– ասաց Հայկն ու խոստովանեց, որ պարային, ուրախ երգ ստեղծելը նաև կոմերցիոն նպատակ է հետապնդում։ –Չեմ հերքում, որ այն կոմերցիա է հետապնդում, այսօրվա իրականությունն է` ներկայացնել կոմերցիոն գործեր Ավելին, արդեն պատկերացնում եմ, թե ինչ պարային, աշխույժ տրամադրություն կարող է ստեղծել այս երգը»։
Ամբողջուջյամբ՝ life.tert.am