
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտնել է, որ Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կկարողանա մասնակցել Եվրոպա լիգայի՝ Բաքվում կայանալիք եզրափակչին:
Վճռորոշ հանդիպումը կկայանա մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում: «Արսենալը» ԵԼ-ի Գավաթի համար կպայքարի «Չելսիի» հետ:
«Ադրբեջանում մի շարք մարզական խոշոր միջոցառումներ են անցկացվել, որոնցում մասնակցել են հայ մարզիկներ: Սպորտն ու քաղաքականությունն առանձնացված են իրարից»,- մամուլի խոսնակի խոսքերն է փոխանցում AP-ն:
Հիշեցնենք՝ Մխիթարյանը 2015 թվականին Դորտմունդի «Բորուսիայի» հետ չմեկնեց ադրբեջանական «Գաբալայի» հետ արտագնա խաղին (3:1), իսկ անցած տարի բաց թողեց «Արսենալի»՝ «Ղարաբաղի» հետ արտագնա խաղը Եվրոպա լիգայի խմբային փուլում:
ՈւԵՖԱ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք կաջակցեն Մխիթարյանին Ադրբեջանի մուտքի վիզա ստանալու հարցում: