ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանն առաջարկում է գյուղատնտեսական մթերքների վերամշակման ավելացված արժեքի հարկը 20%-ից իջեցնել 10%-ի։ Այս մասին Կարապետյանը հայտարարեց «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում։
«Մենք շուտով կառավարությանը կառաջարկենք գյուղատնտեսական մթերքների վերամշակման ավելացված արժեքի հարկը 20%-ից իջեցնել 10%-ի, որպեսզի մենք մրցունակ լինենք ԵԱՏՄ այլ երկրների հետ։ Քանի որ Ռուսաստանում և Բելառուսում 10% է, մեր ներքին արտադրանքը փաստացի 10%-ով ավելի թանկ է ստացվում, քան այդ երկրներում, և մենք չենք կարողանում դիմանալ մրցակցությանը»,- ասաց պատգամավորը։
Վարազդատ Կարապետյանը նշեց նաև, որ իրենք մտածում են նաև «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» շրջանակային օրենքի ուղղությամբ, որը հնարավորություն կտա երկարաժամկետ առումով պատկերացնել, թե Հայաստանում գյուղատնտեսությունը որ ուղղությամբ է զարգանալու»,- նշեց Կարապետյանը։