Հայկական գեն գոյություն չունի. Լևոն Եպիսկոպոսյան. shantnews.am
Advertisement 1000 x 90

Հայկական գեն գոյություն չունի. Լևոն Եպիսկոպոսյան. shantnews.am

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի աշխատակից Լևոն Եպիսկոպոսյանը մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց հայկական գենետիկայի առանձնահատկության ու կրած փոփոխությունների մասին: Նա նշեց, որ հայերի գենետիկական պատմությունը, ծագումնաբանությունը դժվար է վերականգնել, քանի որ կորցրել ենք տարածքների 90 տոկոսը, գոյատևում ենք տասը տոկոսում, ուստի կորցրել ենք նաև այն նյութը, որ կապված է մեր ծագումնաբանության հետ:

«Ուսումնասիրություններ կատարելու հնարավորություն չունենք, որ կարողանանք օբյեկտիվորեն վերականգնել մեր պատմությունը, այդ պատճառով պետք է հմտություն ցուցաբերենք, որ կարողանանք կորցրածը նաև հավաքագրել: Հայերը, սկսած միջնադարից, սկսել են սփռվել ողջ աշխարհում, դա նշանակում է՝ պետք է փորձենք նրանց ժառանգներին գտնել՝ վերականգնելու համար այն, ինչ ունեցել ենք հարյուրավոր տարիներ առաջ»,- ասաց նա:

Բանախոսը կարծում է, որ չափազանցված է այն թեզը, թե հայերը Հայկ նահապետից են ծագել: Նա նշեց՝ ցանկացած ժողովուրդ տարբեր ազգերի, ցեղերի, միավորների միաձուլում է, նույնը վերաբերում է հայերին:

«Մենք ունենք սիրուն, հրապուրիչ տվյալներ կամ առասպելներ՝ առ այն, որ բոլորս ծագել ենք Հայկ նահապետից: Գենետիկայի տեսակետից դա, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում, քանի որ այդ դեպքում պետք է կրեինք նույն Y քրոմոսոմը, բայց կրում ենք տարբեր քրոմոսոմներ, ինչը վկայում է, որ մեր հայրերը, նախահայրերը տարբեր մարդիկ են եղել, նրանց արմատները ևս եղել են տարբեր»,- նշեց նա:

Եպիսկոպոսյանն ասաց՝ կան ժողովուրդներ, որ շատ են խառնված, կան, որ քիչ են խառնված. մեր հարևանների գենետիկական առանձնահատկությունը, գենոֆոնդը, գեների հավաքածուն, ըստ բանախոսի, ձևավորվել է վերջին 400-500 տարվա ընթացքում, իսկ հայկական գենոֆոնդը՝ մոտ 5 000 տարի առաջ:

Դա, ըստ բանախոսի, մեր ցանկությունը, երևակայությունը, նկարած թիվը չէ, այլ գիտականորեն ստացված արդյունք, ընդ որում, ուսումնասիրությունն արել են ոչ թե հայերը, այլ հայերի տվյալներն օգտագործելով՝ ուսումնասիրություններ են արել տարբեր երկրներում աշխատող գիտնականներ Մեծ Բրիտանիայի, Լիբանանի, Գերմանիայի գիտական կենտրոններում:

ԳԱԱ աշխատակիցն անդրադարձավ նաև «հայու գեն» հասկացությանը: Նա ասաց.

«Հայկական գենը վտանգավոր հասկացություն է: Երբ դա օգտագործում ենք, շեղվում ենք գիտականից դեպի ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, գավառականություն, փորձում ենք ավելի համով ու գրավիչ դարձնել, բայց հայկական գեն գոյություն չունի: Մարդկությունը ողջ երկրագնդի վրա նման է, մարդիկ շատ նման են, տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ նման են, 99,9 տոկոսը՝ և´ մեր, և´ սևամորթների, և´ Ավստրալիայի աբորիգենների, նույնն է, տարբերությունն այդ 0,1 տոկոսի մեջ է»:

Բանախոսը շեշտեց՝ 5 հազարամյակն այնքան էլ մեծ ժամանակահատված չէր, որ ձևավորվեին զուտ հայերին բնորոշ հատկանիշներ:

Ավելի մանրամասն՝ shantnews.am