Դեղը, որի պատճառով Ս.Մալայանի ակնաբուժական կենտրոնում վնասվել է 6 պացիենտների տեսողությունը, ներկրվել է բոլոր կանոններին համապատասխան, նրա սերիական համարը համապատասխանում է գրանցման բոլոր պահանջներին: Կարելի է ենթադրել, որ պացիենտների մոտ խնդիրները ծագել են դեղի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, այլ ոչ թե դեղի կամ դրա ապօրինի ներկրման հետ կապված խնդիրների պատճառով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ սա միայն ենթադրություն է, և որ միայն փորձաքննությունը կարող է պարզել, թե ինչն է այն խնիրների պատճառը, որոնց հետո բախվել են հիվանդները:
Հետաքրքիր է, որ դեղամիջոցը, որը ներարկվել է պացիենտներին, համար, ներկրվել է ոչ թե Նատալի ֆարմի կողմից, ինչպես սկզբում հաղորդվում էր, այլ բոլորովին այլ ընկերության կողմից, որի անունը նախարարն առայժմ գերադասեց չշնել:
Նախարարի խոսքով, այժմ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում, որոշելու համար՝ արդյոք կան հիմքեր քրեական գործ հարուցելու համար: Այս գործի ուղղությամբ աշխատում են նաև տեսչություններից, ինչպես նաև Դեղերի փորձաքննությունների կենտրոնից և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից մասնագետները:
Ինչպես նշեց նախարարը, եթե պարզվի, որ առողջապահության ոլորտի աշխատակիցների կողմից անփութություն է թույլ տրվել, որի պատճառով վնաս է հասցվել քաղաքացիների առողջությանը, դա պետք է իրավական հետևանքներ ունենա:
Հիշեցնենք, որ 10 պացիենտից 6-ի մոտ, որոնց մայիսի 8-ին Ս.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում արվել էր ներակնային ներարկում, լուրջ խնդիրներ էին առաջացել տեսողության հետ կապված, և նրանց վիրաբուժական միջամտություն էր պահանջվել։ Կատարվածի հանգամանքները դեռ պարզվում են: