Պրոֆեսոր, բեմադրիչ Հրաչյա Աշուղյանն, ով կյանքից հեռացել է մայիսի 13-ին, հուղարկավորվելու է Երևանի քաղաքային պանթեոնում:
Ինչպես հաղորդեցին ՀՀ մշակույթի նախարարությունից, ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Հրաչյա Աշուղյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսիս 16-ին, ժամը 18:00-20:00-ն՝ Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:
Վերջին հրաժեշտը` մայիսի 17-ին, ժամը 11:00-13:00-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանից (Իսահակյան 1): Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):
Հրաչյա Աշուղյանը ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 7-ին` Թբիլիսիում: Դերասան Գևորգ Աշուղյանի որդին է: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 1975 թվականից` հայկական հեռուստաթատրոնում` որպես ռեժիսոր, հետագայում` գլխավոր ռեժիսոր: Դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում:
Հեռուստաթատրոնում բեմադրել է Լ.Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները», Լ.Շեյնինի «Ծանր մեղադրանք», Վ.Դելմարի «Հիշիր վաղվա օրդ», Ե.Օտյանի «Թաղականին կնիկը», Զ.Դարյանի «Օր առանց մայրամուտի», Մ.Մրոժեկի «Վտարանդիներ», Գ.Սունդուկյանի 4 վոդևիլի հեռուստաներկայացումները:
Արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, ՀՀ «Մովսես Խորենացի», ՀԹԳՄ ոսկե մեդալների, Երևանի պատվավոր քաղաքացու կոչման: Արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, ժողովրդական արտիստի կոչումներին: